Պուտին-Թրամփ հանդիպում․ ո՞ր երկրի տարածքով Բուդապեշտ կհասնի ՌԴ նախագահը
18 ՀՈԿ 2025 10:59

Պուտին-Թրամփ հանդիպում․ ո՞ր երկրի տարածքով Բուդապեշտ կհասնի ՌԴ նախագահը
18 ՀՈԿ 2025 10:59
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները սկսել են նախապատրաստել նախագահների հանդիպումը, որը նախատեսվում է անցկացնել Հունգարիայում։ Այս ֆոնին ՌԴ ԱԳՆ-ն արդեն իսկ անդրադառնում է կազմակերպչական, այդ թվում՝ լոգիստիկ բնույթի հարցերին։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, մեկնաբանելով նախապատրաստական աշխատանքները, նշել է, որ դեռևս վաղ է բանակցություններ սկսել ՆԱՏՕ-ի անդամ երկրների՝ Լեհաստանի, Բուլղարիայի կամ Ռումինիայի հետ՝ ռուսական կառավարական ինքնաթիռի համար նրանց օդային տարածքը բացելու շուրջ։ «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին, թե արդյոք ԱԳՆ-ն շփումներ ունեցել է այդ երկրների հետ, Գրուշկոն կարճ պատասխանել է. «Դեռ վաղ է»։
Այս հարցը առանցքային է, քանի որ նշված պետություններն աշխարհագրորեն գտնվում են Ռուսաստանի և Հունգարիայի միջև, և ռուսական պատվիրակության թռիչքի համար անհրաժեշտ կլինի նրանցից առնվազն մեկի թույլտվությունը։
Պուտին-Թրամփ գագաթնաժողովի անցկացման պայմանավորվածությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 16-ին՝ երկու երկրների ղեկավարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ 2.5 ժամ տևած այս զրույցը տարեսկզբից ի վեր ութերորդն էր։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ հանդիպման վայրը՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը, առաջարկել է Դոնալդ Թրամփը, ինչին ռուսական կողմը տվել է իր համաձայնությունը։ Կողմերը պայմանավորվել են անհապաղ սկսել նախապատրաստական աշխատանքները։
Իր հերթին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հաստատել է, որ արդեն իսկ հրամայել է ստեղծել կազմակերպչական կոմիտե՝ գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել