Մոլդովայում հաղթեց եվրոպական թևը
29 ՍԵՊ 2025 05:31

Մոլդովայում հաղթեց եվրոպական թևը
29 ՍԵՊ 2025 05:31
Մոլդովայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, որոնք դիտարկվում են որպես վճռորոշ երկրի՝ դեպի Եվրոպական միություն հետագա ճանապարհի համար, անցել են Ռուսաստանի կողմից «զանգվածային միջամտության» մեղադրանքների ներքո։ Ընտրությունների նախնական արդյունքները ցույց են տալիս, որ նախագահ Մայա Սանդուի գլխավորած եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը (PAS) առաջատար է։
Սանդուի կուսակցությունը Մոլդովայի նոր խորհրդարանում ստացել է տեղերի բացարձակ մեծամասնությունը, ռուսամետ ընդդիմությունը կրկին պարտություն է կրել։ Քվեարկության մոտ 97%-ի հաշվարկից հետո «Գործողության և համերաշխության կուսակցությունը» (PAS) ստացել է 49.7% ձայն, ինչը նրան տալիս է խորհրդարանի 101 տեղերից 54-ը։
Քվեարկությանը նախորդել է լարված իրավիճակ, որի ընթացքում իշխանությունները հայտարարել են Ռուսաստանի կողմից ապատեղեկատվություն տարածելու և ձայներ գնելու աննախադեպ փորձերի մասին։ BBC-ի հետաքննություն բացահայտել է մի ցանց, որը մասնակիցներին վճարել է ռուսամետ քարոզչություն և կեղծ լուրեր տարածելու համար։
Բացի այդ, տասնյակ մարդիկ են ձերբակալվել, որոնք մեղադրվում են Սերբիայում հրազենային պատրաստություն անցնելու և անկարգություններ համակարգելու մեջ։ Մոսկվային համակիր կուսակցությունները ոստիկանության պնդումները որակել են որպես կեղծիք և բեմադրություն՝ նպատակ ունենալով վախեցնել մարդկանց և ստիպել նրանց աջակցել կառավարությանը։ Ռուսաստանը հերքել է այս մեղադրանքները՝ դրանք համարելով Մոլդովայի և նրա «արևմտյան հովանավորների» փորձ՝ շեղել ուշադրությունը երկրի «ներքին խնդիրներից»։
Նախագահ Մայա Սանդուն, ով ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում ընդգծել է իրավիճակի լրջությունը, զգուշացրել է, որ վտանգված է իր երկրի ապագան։ Նրա կուսակցությանը (PAS) հիմնական մրցակիցը ռուսամետ «Հայրենասիրական ընտրական դաշինքն» է։
Ընտրությունների լարվածության մասին են վկայում նաև Իտալիայում, Ռումինիայում, Իսպանիայում և ԱՄՆ-ում գտնվող ընտրատեղամասերում ռումբերի առկայության մասին ահազանգերը։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 52%-ից փոքր-ինչ ավելի, ինչը բարձր է վերջին տարիների ցուցանիշից։ Կարևոր գործոն է նաև հիմնականում արևմտամետ սփյուռքի ավելի քան 267,000 ընտրողների մասնակցությունը։
Այս ընտրությունները դիտվում են որպես շրջադարձային պահ Մոլդովայի համար։ Եթե PAS-ը պահպանի իր մեծամասնությունը 101-տեղանոց խորհրդարանում, դա, ամենայն հավանականությամբ, Բրյուսելի կողմից կընկալվի որպես ԵՄ-ին անդամակցության գործընթացն արագացնելու մանդատ։ Մյուս կողմից, ընդդիմության գլխավորած կոալիցիան կարող է դանդաղեցնել կամ փոխել այդ գործընթացի ուղղությունը։
Մոլդովայի քաղաքացիների քվեն․ փաստացի, կորոշի ոչ միայն երկրի ներքին կառավարումը, այլև նրա աշխարհաքաղաքական դիրքորոշումը գալիք տարիների համար։ Այնպես որ, ներքին հարց լինելով հանդերձ, շատ փորձագետների կարծիքով, Մոլդովայում տեղի ունեցած ընտրությունները վճռորոշ դեր են ունենալու ուժերի դասավորվածության հարցում՝ առնվազն տարածաշրջանային մասշտաբով։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել