Մոլդովան ՌԴ-ին մեղադրել է ընտրական հանձնաժողովի վրա կիբերհարձակման մեջ
26 ՍԵՊ 2025 15:01

Մոլդովան ՌԴ-ին մեղադրել է ընտրական հանձնաժողովի վրա կիբերհարձակման մեջ
26 ՍԵՊ 2025 15:01
Մոլդովայում կիրակի օրը կայանալիք խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ երկրի իշխանությունները հայտարարել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ իրականացված կիբերհարձակման մասին։ Փոխվարչապետ և թվային տեխնոլոգիաների նախարար Դոյնա Նիստորը հարձակման համար ուղղակիորեն մեղադրել է Ռուսաստանին՝ դա որակելով Մոլդովայի ժողովրդավարությունն ապակայունացնելուն ուղղված լայնածավալ հիբրիդային արշավի մաս։
Բրյուսել կատարած այցի ժամանակ Politico-ին տված հարցազրույցում Նիստորը, սակայն, հավաստիացրել է, որ այս պահին իրավիճակը վերահսկողության տակ է։ «Սա խոցելիություն էր, որը հայտնաբերվել և այժմ վերացվել է», - ասել է նա՝ հավելելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այժմ լիովին պաշտպանված է։ Նրա խոսքով, կիբերհարձակումը Ռուսաստանի կողմից «ամիսներ առաջ» պլանավորված ավելի լայն արշավի մի մասն է, որի նպատակն է խարխլել երկրի ժողովրդավարական հիմքերը։
Իրավիճակի լրջությունն էլ ավելի է ընդգծել Մոլդովայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուն։ Նրա գնահատմամբ, «ռուսական միջամտության մասշտաբներն այսօր շատ ավելի մեծ են, քան այն, ինչ մենք տեսել ենք 2024 թվականին»։
Սեկրիերուն մանրամասնել է, որ նկատվում են աննախադեպ ջանքեր՝ ուղղված ընտրական գործընթացի վրա ազդելուն։ Նա առանձնացրել է մի քանի հիմնական ուղղություն։ Ըստ նրա, զգալիորեն ավելացել են ձայներ գնելու համար ծախսվող ֆինանսական միջոցները։ Մյուս ուղղությունը ապատեղեկատվությունն է։ Արհեստական բանականության կիրառմամբ և բոտ-ցանցերի միջոցով տարածվում են կեղծ լուրերի և ապատեղեկատվության հսկայական ծավալներ՝ հանրային կարծիքի վրա ազդելու նպատակով։
Այս ամենը, ըստ նախագահի խորհրդականի, վկայում է Մոսկվայի հստակ մտադրության մասին։ «Ռուսաստանն անում է հնարավոր ամեն ինչ՝ այս ընտրությունների ելքի վրա ազդելու համար», - եզրափակել է Ստանիսլավ Սեկրիերուն։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել