Ադելիա Պետրոսյանն ու Պյոտր Գումեննիկը կմասնակցեն Օլիմպիական խաղերին
28 ՆՈՅ 2025 10:38

Ադելիա Պետրոսյանն ու Պյոտր Գումեննիկը կմասնակցեն Օլիմպիական խաղերին
28 ՆՈՅ 2025 10:38
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ հաստատելով ռուսաստանցի գեղասահորդներ Ադելիա Պետրոսյանի և Պյոտր Գումեննիկի մասնակցությունը 2026 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերին։ Ըստ կառույցի պաշտոնական կայքի՝ մարզիկները հնարավորություն են ստացել մեկնելու Իտալիա, ինչը երկար սպասված նորություն էր գեղասահքի երկրպագուների համար։
Սակայն օլիմպիական ուղեգիրը տրվել է հստակ նախապայմաններով։ Մարզիկները մրցելույթներին կներկայանան բացառապես չեզոք կարգավիճակում։ Նրանք պարտավոր են ստորագրել մասնակցության հատուկ պայմանները, որոնք պարտադիր են 2026 թվականի Խաղերի բոլոր մասնակիցների համար։ Այդ փաստաթուղթը ներառում է Օլիմպիական խարտիային խստորեն հետևելու պարտավորություն, որի առանցքային կետերից է «Օլիմպիական շարժման խաղաղապահ առաքելության» պահպանումը։
Այս գործընթացը սկսվել էր դեռ 2025 թվականի սեպտեմբերին, երբ ռուսաստանցիներին թույլատրվեց մասնակցել օլիմպիական ընտրական փուլին, բայց խիստ սահմանափակմամբ՝ միայն մենասահքի ձևում։ Այդ ժամանակ Պեկինում կայացած որակավորման մրցաշարում թե՛ Ադելիա Պետրոսյանը, թե՛ Պյոտր Գումեննիկը փայլուն արդյունքներ գրանցեցին՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականները։ Չնայած հաղթանակին, Օլիմպիադայի վերջնական տոմսի համար անհրաժեշտ էր ՄՕԿ-ի հատուկ հանձնաժողովի առանձին հավանությունը, որն արդեն ստացվել է։
Այս պահի դրությամբ Պետրոսյանն ու Գումեննիկը դարձել են առաջին ռուսաստանցիները, որոնց պաշտոնապես թույլատրվել է մեկնել Իտալիա, թեև ՄՕԿ-ի որոշումների համաձայն՝ ցուցակը հետագայում կարող է համալրվել։ Բացի նրանցից, Իտալիա մեկնելու թույլտվություն է ստացել նաև բելառուս գեղասահորդուհի Վիկտորյա Սաֆոնովան։
Հիշեցնենք, որ 2026 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերը անցկացվելու են Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում՝ փետրվարի 6-22-ը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար