Արարատ Միրզոյանը՝ Վաշինգտոնի համաձայնագիրը շրջադարձային է
Գրանցվել
Գրանցվել
Վաշինգտոնում տեղի ունեցածը շրջադարձային էր․ Արարատ Միրզոյան
27 ՀՈԿ 2025 10:35
Վաշինգտոնում տեղի ունեցածը շրջադարձային էր․ Արարատ Միրզոյան

Վաշինգտոնում տեղի ունեցածը շրջադարձային էր․ Արարատ Միրզոյան

27 ՀՈԿ 2025 10:35
Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում առանցքային տեղ են զբաղեցնում Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի առաջմղումը, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը և Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը։ Այս ուղղությունների վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
Նախարարը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը որակել է որպես «շրջադարձային իրադարձություն»։ Նա հիշեցրել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահի վկայությամբ, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրվել է հռչակագիր և նախաստորագրվել խաղաղության համաձայնագիրը։ «Կարող եմ առանց վարանելու օգոստոսի 8-ին տեղի ունեցածը անվանել շրջադարձային՝ բնավ չթերագնահատելով մինչ այդ այս ուղղությամբ կատարված աշխատանքը։ Այն, ինչ տեղի ունեցավ այդ օրը Վաշինգտոնում, շրջադարձային էր և հետագա աշխատանքների համար անկյունաքարային»,- ընդգծել է Միրզոյանը։
Նա հատուկ անդրադարձել է պայմանագրի շուրջ տարածվող շահարկումներին՝ շեշտելով, որ փաստաթղթի հանրայնացումը ցույց տվեց դրանց անհիմն լինելը։ «Բոլորս կհիշենք՝ ինչպիսի մանիպուլյացիաներ էին տարածվում այս պայմանագրի վերաբերյալ՝ Սահմանադրության փոփոխություն, զանգվածային տեղահանումներ և այլն։ Փառք Աստծո, թուղթը հանրային է, և տեսնում ենք, որ այդ մանիպուլյացիաներից ոչ մեկը այնտեղ ոչ միայն չկա, այլև հեռավոր ակնարկ անգամ չկա դրանց մասին»,- նշել է նախարարը։ Փաստաթուղթը, նրա խոսքով, ամրագրում է միմյանց ներքին գործերին չմիջամտելու, սահմանների անձեռնմխելիության և համագործակցության սկզբունքները։
Խաղաղության պայմանագրի կարևոր բաղադրիչ է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Միրզոյանը հիշեցրել է, որ Հայաստանը 30+ տարի գտնվել է շրջափակման մեջ, և այժմ կողմերը պայմանավորվում են ապաշրջափակել և անհրաժեշտության դեպքում կառուցել նոր ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Երասխ-Սադարակ հատվածը։ Նա հստակեցրել է. «Այն ինչ կապաշրջափակվի, այդ թվում՝ Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցության մեր տարածքում գտնվող հատվածը, գործելու է ամբողջապես ՀՀ իրավազորության ներքո»։ Այս հարցում ՀՀ գլխավոր գործընկերը լինելու է ԱՄՆ-ը, որի հետ ակտիվ աշխատանքները շարունակվում են։
Միևնույն ժամանակ, Հայաստանը խորացնում է հարաբերությունները Եվրամիության հետ։ «Բավականին էական բաղադրիչներ ունի Հայաստանի-Եվրամիություն համագործակցությունը։ Նաև նոր փաստաթղթեր են նախատեսվում ստորագրելու»,- ասել է Միրզոյանը՝ առանց, սակայն, մանրամասնելու, թե կոնկրետ ինչ փաստաթղթերի մասին է խոսքը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել