Բաքուն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում դա․ Միրզոյան
3 ՀՈԿ 2025 07:01

Բաքուն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում դա․ Միրզոյան
3 ՀՈԿ 2025 07:01
«Կա՞ մոտավոր ժամանակացույց, թե երբ այս սահմանները, մասնավորապես Թուրքիայի հետ սահմանը կբացվի ազատ տարանցման, ճանապարհորդությունների և այլնի համար։ Եվ արդյո՞ք արդեն հայտնի է, թե երբ է գործնականում սկսվելու այս երկաթուղային ուղին»,- Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում նախարար Միրզոյանին հարցրել է լեհական TVP World հեռուստաալիքի լրագրողը։
«Մենք արդեն սկսել ենք քննարկումներ մեր ամերիկյան գործընկերների հետ։ Կարծում եմ՝ առաջիկա ամիսներին կարող ենք ավարտին հասցնել այս գործընթացը, և դրանից հետո պետք է մեկնարկի շինարարությունը։ Եթե խոսենք երկաթուղային կապի մասին, մասնագետներն ասում են, որ դրա կառուցումը կարող է տևել, օրինակ, առնվազն երկու տարի։ Բայց մենք խիստ շահագրգռված ենք հնարավորինս շուտ կառուցելու, բացելու և վերագործարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերը, որովհետև, ինչպես ասացի, մենք հիմնական շահառուներից մեկն ենք։ Մենք նույնպես կարող ենք, օրինակ, ուղարկել կամ ստանալ ապրանքներ՝ օգտագործելով Ադրբեջանի Հանրապետության ենթակառուցվածքներն ու տարածքը։ Բայց սա հաղորդակցությունների մասով է:
Կա նաև Խաղաղության պայմանագրի հատվածը, որը նախաստորագրվել է Ադրբեջանի նախարարի և իմ կողմից։ Այսպիսով, մենք պատրաստ ենք. տեքստը վերջնականացվել է ավելի վաղ՝ այս տարվա մարտին, այժմ այն նախաստորագրված է, և մենք պատրաստ ենք հնարավորինս շուտ ստորագրել այդ պայմանագիրը։ Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը։ Այնուամենայնիվ, նույնիսկ Խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման արարողությունից առաջ գոյություն ունեն գործընթացներ, որոնք արդեն ընթանում են կամ կարող են ընթանալ մինչև ստորագրումը»,- նշել է ՀՀ արտգործնախարարը։
ԵԱՀԿ՝ Մինսկի գործընթացի կառույցների փակումը Արարատ Միրզոյանը ներկայացրել է որպես Երևանի ու Բաքվի կողմից համատեղ իրականացված առաջին քայլերից մեկի արդյունքը։
«Կա նաև պետական սահմանի սահմանազատման գործընթացը։ Այն վաղուց է մեկնարկել։ Մենք արդեն սահմանազատել ենք սահմանի 12 կիլոմետրը: Օրինակ՝ այդ սահմանային հատվածում գտնվող հայկական գյուղ այցելելիս կարելի է տեսնել, որ այն իրապես զարգանում է․ կառուցվել է նոր դպրոց, մարդիկ իրենց առավել ապահով են զգում, բնակչության, գյուղացիների շրջանում անվտանգության հետ կապված որևէ մտահոգություն չկա։ Այսպիսով, կան գործընթացներ, որոնք արդեն ընթանում են, և կան նաև քայլեր, որոնք դեռևս առջևում են»,- նշել է Միրզոյանը։
ՀՀ արտգործնախարարը չի թաքցնում՝ տասնամյակներ տևած հակամարտության կարգավորումը որոշակի ժամանակ է պահանջելու։ «Երկու կողմում էլ առկա է արյան պատմություն ու հիշողություն։ Կարծում եմ՝ հասարակությունների շրջանում, հավանաբար երկու կողմում էլ, դեռևս պահպանվում է զգուշավորություն: Հաշտեցման գործընթացը ժամանակ է պահանջելու։ Խաղաղությունն, ինչպես արդեն նշեցի, հաստատվել է, սակայն այն երկուստեք պահանջում է մշտական խնամք և ամենօրյա ջանք: Այս համատեքստում պետք է նշեմ, որ ցանկացած կողմի ագրեսիվ հռետորաբանությունը որևէ կերպ չի նպաստում գործընթացին»,- նշել է Միրզոյանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել