Թուրքիայի հետ կարգավորումը կարող է դրական արդյունք ունենալ․ Միրզոյանը՝ Ֆիդանին
20 ՆՈՅ 2025 07:38

Թուրքիայի հետ կարգավորումը կարող է դրական արդյունք ունենալ․ Միրզոյանը՝ Ֆիդանին
20 ՆՈՅ 2025 07:38
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի այն հայտարարությանը, թե Հայաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, և եթե Թուրքիան անի դա հիմա, Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ դրդապատճառը։
Արարատ Միրզոյանը Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այս հայտարարությանն անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։
«Նախ, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումն իսկապես կարևոր են Հայաստանի համար: Նույն կերպ կարևոր է նաև Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը: Երկու ուղղություններով էլ Հայաստանն անկեղծ ջանքեր է գործադրում: Միաժամանակ, սակայն, այս երկու բաղադրիչներից որևէ մեկը մյուսով պայմանավորված չեն, և եթե անպայմանորեն փորձենք դրանց միջև պատճառահետևանքային կապ տեսնել, գուցե, պարզվի, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը կարող է ոչ թե բացասաբար, այլ ճիշտ հակառակը՝ դրականորեն անդրադառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վրա: Ինչ վերաբերում է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթաժողովում համաձայնեցվել են այդ գործընթացի հիմնական սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելիություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն: Սրանց շրջանակներում սահմանված TRIPP ուղին կապելու է թե´ Ադրբեջանը Նախիջևանի հետ, թե´Հայաստանն այլ երկրների հետ, թե´ ավելի լայն աշխարհագրությամբ տարածաշրջաններն իրար հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջոցով: Հայաստանը շահագրգիռ կերպով ակտիվ ջանքեր է գործադրում այն հնարավորինս շուտ կյանքի կոչելու ուղղությամբ»,- պատասխանել է Արարատ Միրզոյանը:
- Արարատ Միրզոյան
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ Հաքան Ֆիդանը նախօրեին նշել էր, որ պատրաստ են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիր։
«Եթե մենք հիմա կարգավորենք հարաբերությունները, մենք կվերացնենք ամենակարևոր պատճառը, որի համար Հայաստանը պետք է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրի: Հետևաբար, կա հավանականություն, որ մենք տարածաշրջանում կբախվենք սառեցված պատերազմի: Մենք դա չենք ուզում»,- ասել էր Ֆիդանը։
- Հաքան Ֆիդան
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար