ՄԻՊ-ը քննադատում է փաստաբան Կոչուբաևի կալանքը
17 ՀՈԿ 2025 08:42

ՄԻՊ-ը քննադատում է փաստաբան Կոչուբաևի կալանքը
17 ՀՈԿ 2025 08:42
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը խիստ քննադատության է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան երկու ամսով կալանավորելու որոշումը։ Փաստաբանը ձերբակալվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարած հրապարակային գրառման համար, որի հիման վրա նրա նկատմամբ հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող տեղեկություն հրապարակելը)։ ՄԻՊ Անահիտ Մանասյանի անունից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ թեև պաշտպանը բազմիցս է բարձրաձայնել տարբեր մասնագիտական համայնքներում, այդ թվում՝ փաստաբանական, ոչ իրավաչափ խոսքի կիրառման խնդրի մասին, սակայն դրանց դեմ պայքարը պետք է տարվի համայնքների ներսում գործող կարգապահական մեխանիզմներով, որոնք Հայաստանում գրեթե չեն կիրառվում։
Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը սկզբունքորեն անընդունելի է համարում խոսքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու տրամաբանությունը։ «Միջազգային չափանիշների համաձայն ոչ իրավաչափ խոսքի միայն ամենածանր տեսակների և ծանրակշիռ հիմնավորումների առկայության պայմաններում կարող է վրա հասնել քրեական պատասխանատվություն, առավել ևս անձի նկատմամբ կիրառվել ազատությունից զրկելու ձևով խափանման միջոց կամ պատիժ»,- ասված է հաղորդագրությունում։
Ըստ պաշտպանի՝ իրավապահ մարմինները պարտավոր են հանրությանը ներկայացնել հստակ հիմնավորումներ, թե ինչու է կոնկրետ գրառումը հատել հանրային վտանգավորության այնպիսի բարձր շեմ, որը պահանջում է անձին զրկել ազատությունից։
Անդրադառնալով կալանքի կիրառմանը՝ ՄԻՊ-ը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ այն պետք է լինի ծայրահեղ միջոց և կիրառվի միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցներն անբավարար են։ «Կալանքի ինստիտուտի չարաշահումը, իր հերթին, կարող է լրջորեն վնասել քրեական արդարադատության ամբողջ շղթայի նկատմամբ վստահությունը և առաջացնել այլ համակարգային խնդիրներ»,- ընդգծում է պաշտպանը։
Նշվում է, որ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ սկսվել է հարցի քննարկում, և ներկայացուցիչները կայցելեն քրեակատարողական հիմնարկ՝ Ալեքսանդր Կոչուբաևի հետ առանձնազրույց ունենալու նպատակով։ ՄԻՊ-ը խոստացել է թեման ուշադրության կենտրոնում պահել։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել