ՄԻՊ-ը Քննչական կոմիտեում է՝ հոգևորականների գործով
15 ՀՈԿ 2025 10:41

ՄԻՊ-ը Քննչական կոմիտեում է՝ հոգևորականների գործով
15 ՀՈԿ 2025 10:41
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է Քննչական կոմիտե՝ ազատությունից զրկված հոգևորականների իրավունքների ապահովման վիճակին և ազատությունից զրկելու հիմքերին տեղում ծանոթանալու նպատակով։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Հոկտեմբերի 15-ին Հայ առաքելական եկեղեցու մի խումբ հոգևորականներ, այդ թվում՝ Արագածոտնի թեմի առաջնորդը, բերման են ենթարկվել Քննչական կոմիտե։ Իրավիճակին անմիջապես արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և ձերբակալվածների իրավունքները պաշտպանելու համար ուղարկելով արագ արձագանքման խումբ։ ՄԻՊ գրասենյակից հայտնել են, որ տեղեկությունը ստացել են լրատվամիջոցների մշտադիտարկման և փաստաբանի կողմից ստացված զանգի արդյունքում։ «Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է Քննչական կոմիտե՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին և ազատությունից զրկելու հիմքերին տեղում ծանոթանալու նպատակով»,- նշված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել 5 քահանաների՝ Տեր Փառենի, Տեր Մանուկի, Տեր Հայկի, Տեր Մկրտիչի, Տեր Ղևոնդի բերման ենթարկվելու մասին։ Նախորդ գիշեր խուզարկությունից հետո Քննչական կոմիտե է տեղափոխվել նաև Արագածոտնի թեմի առաջնորդ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդի Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։ Մայր Աթոռից հայտնել են, որ տեղյակ չեն գործի մանրամասներից և բերման ենթարկված քահանաներից մեկի գտնվելու վայրից։
Ըստ փաստաբան Մարինե Ֆարմանյանի, գործընթացը կապված է Դանիել Իոաննիսյանի ներկայացրած հաղորդման հետ։ Վերջինս, հիմնվելով Տեր Արամի հարցազրույցի վրա, խնդրել է իրավապահներին ստուգել՝ «արդյոք հավաքներին մասնակցելու հարկադրանք եղել է, թե ոչ»։ Ըստ փաստաբանի՝ հոգևորականներին հենց այս գործի շրջանակներում են բերման ենթարկել։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել