«Միջանցք»-ի փոխարեն՝ «TRIPP». Միրզոյանը պարզաբանում է տերմինաբանությունը
5 ՆՈՅ 2025 08:04

«Միջանցք»-ի փոխարեն՝ «TRIPP». Միրզոյանը պարզաբանում է տերմինաբանությունը
5 ՆՈՅ 2025 08:04
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հստակեցրել է Հայաստանի տարածքով անցնող ենթակառուցվածքների անվանման շուրջ պաշտոնական դիրքորոշումը՝ կոչ անելով չկիրառել «միջանցք» տերմինը, քանի որ այն բանակցային գործընթացի ընթացքում ձեռք է բերել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող ենթատեքստ։
Օրբելի-2025 համաժողովի պանելային քննարկման ժամանակ նախարարը պարզաբանել է, որ խնդիրը բուն տերմինի մեջ չէ, քանի որ այն լայնորեն կիրառվում է տնտեսական և լոգիստիկ ուղիների համար, որոնցով այսօր հետաքրքրված է ողջ աշխարհը։ «Մենք Հայաստանում ունենք «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցք, և կան տարբեր նման միջանցքներ, որոնք ողջունվում են բոլոր հնարավոր մասնակիցների կողմից», - նշել է նա։
Սակայն, ինչպես ընդգծել է Միրզոյանը, Ադրբեջանի հետ քննարկվող ենթակառուցվածքների դեպքում «միջանցք» բառը պարունակում է վտանգավոր նրբություն։ «Բանակցությունների տարբեր փուլերում որոշ երկրներ այս կամ այն կերպ ցանկացել են ռազմական ներկայություն ունենալ երկաթգծի երկայնքով կամ վերահսկողություն սահմանել այդ ենթակառուցվածքների նկատմամբ», - պարզաբանել է նախարարը՝ հավելելով, որ դա բացառապես Հայաստանի Հանրապետության իրավունքն է։
Հենց այս պատմական համատեքստի պատճառով տերմինը զգայուն է դարձել հայկական կողմի համար։ «Եթե ինչ-որ մեկն օգտագործում է «միջանցք» տերմինը, մեզ մոտ մեխանիկորեն արթնանում է միտք, որ կան թաքնված մտադրություններ, որոնք կարող են վնասել ՀՀ ինքնիշխանությանը», - ասել է նա։
Այս խնդրից խուսափելու համար, ըստ նախարարի, գոյություն ունի պաշտոնական, համաձայնեցված անվանում, որը ողջունել են նաև միջազգային կազմակերպություններն ու մի շարք երկրների ղեկավարներ։
«Կա այդ ենթակառուցվածքի պաշտոնական, համաձայնեցված անվանումը, որի տակ դրված են վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի և նախագահ Թրամփի ստորագրությունները։ Եվ այդ անվանումն է՝ «TRIPP»։ Մնացած բոլոր անվանումները կիրառելի չեն», - եզրափակել է Արարատ Միրզոյանը՝ կոչ անելով օգտագործել բացառապես այս եզրույթը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել