Միչիգանի եկեղեցում զինված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ
29 ՍԵՊ 2025 05:48

Միչիգանի եկեղեցում զինված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ
29 ՍԵՊ 2025 05:48
ԱՄՆ Միչիգան նահանգի Գրանդ Բլանկ քաղաքում գտնվող Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի եկեղեցում սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած զինված հարձակման և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, ևս ութը վիրավորվել է։ Իշխանությունները հայտնել են, որ կասկածյալը, որը նույնականացվել է որպես 40-ամյա Թոմաս Ջեյքոբ Սանֆորդը, սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության արդյունքում։
Իրադարձությունները սկսվել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 10:25-ի սահմաններում, երբ հարյուրավոր մարդիկ մասնակցում էին կիրակնօրյա պատարագին։ Ոստիկանության տվյալներով՝ Սանֆորդն իր մեքենան վարել է եկեղեցու մուտքի դռների միջով, այնուհետև դուրս է եկել և ինքնաձիգից կրակ բացել ներկաների ուղղությամբ։ Դրանից անմիջապես հետո եկեղեցում հրդեհ է բռնկվել, որը, ըստ իշխանությունների, կանխամտածված է եղել հարձակվողի կողմից։
Ականատեսները պատմել են, որ սկզբում լսել են ուժեղ պայթյուն, որից հետո մարդիկ խուճապահար սկսել են դուրս վազել եկեղեցուց։
Ոստիկանության պետ Ուիլյամ Ռենյեի խոսքով՝ դեպքի վայր ժամանած երկու իրավապահներ փոխհրաձգության մեջ են մտել կասկածյալի հետ՝ սպանելով նրան կայանատեղիում։ Նախնական տվյալներով՝ զոհվել է երկու մարդ, սակայն ավելի ուշ հրդեհի մոխիրների մեջ հայտնաբերվել են ևս երկու մարմին։ Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ որոնողական աշխատանքները շարունակվում են։
Ութ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է կրիտիկական, իսկ մյուս յոթինը՝ կայուն։
Հարձակման դրդապատճառները դեռևս անհայտ են։ Հետաքննությամբ զբաղվում են տեղական, նահանգային և դաշնային մարմինները, այդ թվում՝ ՀԴԲ-ն։ Իրավապահները պատրաստվում են խուզարկել Սանֆորդի տունը և ուսումնասիրել նրա հեռախոսային տվյալները՝ հնարավոր շարժառիթները պարզելու համար։ Հայտնի է, որ Սանֆորդը ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի վետերան է, ով 2004-2008 թվականներին ծառայել է Իրաքում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել