Իրան-Հայաստան. Հարաբերությունների առաջընթաց
Գրանցվել
Գրանցվել
«Մեր հարաբերությունների առաջընթացի գնացքը ոչ մի ուժ չի կանգնեցնի». Սոբհանի
26 ՍԵՊ 2025 13:55
«Մեր հարաբերությունների առաջընթացի գնացքը ոչ մի ուժ չի կանգնեցնի». Սոբհանի

«Մեր հարաբերությունների առաջընթացի գնացքը ոչ մի ուժ չի կանգնեցնի». Սոբհանի

26 ՍԵՊ 2025 13:55
Վաշինգտոնյան փաստաթղթում կան անհասկանալի պահեր, որոնք քննարկվել են և կան անհասկանալի պահեր էլ, որոնց շուրջ քննարկումներ չեն եղել, ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն այն է, «ինչին մենք միշտ աջակցել ենք և այժմ ևս ողջունում ենք»:
«Այն օրերին, երբ մեր երկրները միմյանց կարիքն ունեին, մենք միմյանց աջակցեցինք և իրական իմաստ հաղորդեցինք բարիդրացիական քաղաքականությանը»։
Այս խոսքերով է սեպտեմբերի 26-ին կայացած իր հրաժեշտի ասուլիսում Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին ամփոփել իր պաշտոնավարման ընթացքում երկու երկրների հարաբերություններում գրանցված նշանակալի ձեռքբերումները։
Դեսպանն ընդգծել է, որ անցած տարիների ընթացքում, երբ տարածաշրջանը և հարաբերությունները գտնվում էին բարձր զգայունության պայմաններում, կողմերին հաջողվել է ընդհանուր ըմբռնման շնորհիվ էլ ավելի բարձր մակարդակի հասցնել քաղաքական փոխգործակցությունը։
Մեհդի Սոբհանին վերահաստատել է Իրանի սկզբունքային դիրքորոշումը՝ ընդգծելով, որ Թեհրանը մշտապես իր վճռականությունն է հայտնել Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու հարցում։
«Իրանը բարձրաձայնել է սահմանների անձեռնմխելիության, ինչպես նաև տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխության անթույլատրելիության մասին և շարունակելու է կանգնած մնալ այս դիրքորոշման վրա», - նշել է դիվանագետը։
Տնտեսական ոլորտում գրանցվել են տպավորիչ արդյունքներ։ Դեսպանի խոսքով, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը շարունակաբար աճում է և, պաշտոնական վիճակագրության համաձայն, այս տարի կհատի 900 միլիոն դոլարի շեմը։
Առանձնահատուկ կարևորվել են էներգետիկայի ոլորտի ռազմավարական նախագծերը։ Հաջողությամբ երկարաձգվել է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագիրը մինչև 2030 թվականը։ Մեծ թափ է հաղորդվել երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցմանը, որն արդեն իսկ գտնվում է եզրափակիչ փուլում՝ 92% առաջընթացով։ Բացի այդ, «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակում մեկնարկել են Ագարակ-Քաջարան ճանապարահատվածի շինարարական աշխատանքները, որտեղ արձանագրվել է զգալի առաջընթաց։
«Ես հայտարարում եմ, որ մենք այս նախագիծը կավարտենք նախատեսված ժամկետից շուտ», - վստահեցրեց դեսպանը։
Մեհդի Սոբհանին կարևորեց նաև մշակութային և կրթական կապերի ամրապնդումը։ Նրա խոսքով, հաջողվել է խթանել Հայաստանում պարսկերենի տարածումը, որը նա բնորոշել է որպես «խաղաղության, քաղաքավարության, բարության և բարեկամության լեզու։
Ամփոփելով իր խոսքը՝ դեսպանն ընդգծել է. «Այսօր կարելի է վստահորեն ասել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը գործընկերներ, հարևաններ և իսկական բարեկամներ են»։ Այս բարեկամության խորհրդանիշն, ըստ նրա, արտացոլված է ՀՀ նախագահի և պաշտպանության նախարարի կողմից իրեն շնորհված Բարեկամության և Պատվո շքանշաններում։ «Մեր հարաբերությունների առաջընթացի գնացքը միշտ շարժվում է, և ոչ մի ուժ չի կարող այն կանգնեցնել կամ իր ուղուց շեղել», - եզրափակել է ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող դեսպանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել