Գլխավոր դատախազը Մարտի 1-ի գործով նոր մանրամասներ է ներկայացրել
18 ՆՈՅ 2025 11:07

Գլխավոր դատախազը Մարտի 1-ի գործով նոր մանրամասներ է ներկայացրել
18 ՆՈՅ 2025 11:07
Հայաստանի իրավապահ համակարգը վերջին ամիսներին նոր թափ է հաղորդել 2008 թվականի «Մարտի 1»-ի ողբերգական իրադարձությունների գործի քննությանը՝ հանդես գալով մի շարք սկզբունքային որոշումներով։ Ազգային ժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է առանցքային զարգացումները․ Ռոբերտ Քոչարյանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ մեղադրանքը փոխվել է, նրանց դեմ 670 միլիոն դրամի հայց է ներկայացվել՝ տուժածներին պետության կողմից տրված փոխհատուցումը բռնագանձելու համար, վերականգնվել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը։
Իրավական երկար ճանապարհից հետո «Մարտի 1»-ի գործով հիմնական մեղադրյալների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը վերսկսվել է նոր իրավական որակմամբ։ Աննա Վարդապետյանը հիշեցրել է, որ 2021 թվականին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը («սահմանադրական կարգը տապալելը»), ինչի հիման վրա նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր։
Սակայն Գլխավոր դատախազության բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը, անցնելով Սահմանադրական դատարանի միջոցով իրավական դիրքորոշումների հստակեցման փուլով, 2024 թվականի սեպտեմբերին բեկանել է ստորադաս դատարանների որոշումները և գործն ուղարկել նոր քննության։ Սա հնարավորություն է տվել մեղադրող կողմին փոխել մեղադրանքի իրավական որակումը։ «Եթե մեղադրողը գտնում է, որ կատարված արարքը կարող է որակվել Քրեական օրենսգրքի այլ հոդվածով, ապա իրավասու է մեղադրանքի լրացմանը կամ փոփոխմանն ուղղված քայլեր ձեռնարկել», - պարզաբանել է Վարդապետյանը։
Արդյունքում, 2024 թվականի հոկտեմբերի 11-ին հանրային մեղադրողը որոշում է կայացրել փոխել մեղադրանքը՝ Քոչարյանին, Օհանյանին, Խաչատուրովին և Գևորգյանին այժմ մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։ Այս հոդվածը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին։ «Առաջիկայում փոփոխված մեղադրանքները կներկայացվեն դատարան», - հավելել է գլխավոր դատախազը։
Քրեական գործին զուգահեռ, Գլխավոր դատախազությունը քայլեր է ձեռնարկել նաև պետության կրած ֆինանսական վնասը վերականգնելու ուղղությամբ։ 2025 թվականի օգոստոսի 11-ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել հայցադիմում՝ Ռոբերտ Քոչարյանից, Արմեն Գևորգյանից, Սեյրան Օհանյանից և Յուրի Խաչատուրովից համապարտության կարգով բռնագանձելու 670 միլիոն դրամ։ Այս գումարը պետական բյուջեից հատկացվել է «Մարտի 1»-ի իրադարձությունների հետևանքով տուժած անձանց՝ որպես աջակցություն՝ Ազգային ժողովի 2009 թվականի օրենքի և կառավարության 2019 թվականի որոշման հիման վրա։
Դատախազությունը նաև միջնորդել է կիրառել հայցի ապահովման միջոց, և Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է այն՝ արգելանք դնելով պատասխանողների գույքի վրա՝ հայցագնի՝ 670 մլն դրամի չափով։
Մեկ այլ կարևոր զարգացմամբ՝ Գլխավոր դատախազի որոշմամբ վերացվել է 2020 թվականի այն որոշումը, որով վաղեմության ժամկետի հիմքով դադարեցվել էր Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Նրա գործով քննությամբ հիմնավորվել է, որ նա, գերազանցելով իր լիազորությունները, կազմակերպել է Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների ցրումը, որի հետևանքով տասնյակ քաղաքացիներ ստացել են մարմնական վնասվածքներ։ «Փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի գիշերը Սաշա Աֆյանը տագնապով հավաքել է ՊՊԾ գնդի ծառայողներին, զինել հատուկ միջոցներով և ուղարկել Ազատության հրապարակ՝ նստացույց անողներին ցրելու համար», - ներկայացրել է Աննա Վարդապետյանը։
Գլխավոր դատախազը պարզաբանել է, որ հետապնդումը դադարեցնելու որոշումը եղել է ոչ օրինական, քանի որ Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ նախադեպերի համաձայն՝ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դրսևորումների համար վաղեմության ժամկետ չի կարող կիրառվել։ «Սաշա Աֆյանի գործողությունները՝ որպես բռնությամբ զուգորդված լիազորություններն անցնում, հավասարեցվում են վատ վերաբերմունքին, ուստի քրեական հետապնդումը չէր կարող դադարեցվել վաղեմության հիմքով», - ընդգծել է Վարդապետյանը։
Այժմ Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը վերականգնվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ կուղարկվի դատարան։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել