ԵՄ-ն կաջակցի «Խաղաղության խաչմերուկին» նախաձեռնությանը
Գրանցվել
Գրանցվել
ԵՄ-ն կաջակցի «Խաղաղության խաչմերուկին». Մարագոս
17 ՀՈԿ 2025 07:47
ԵՄ-ն կաջակցի «Խաղաղության խաչմերուկին». Մարագոս

ԵՄ-ն կաջակցի «Խաղաղության խաչմերուկին». Մարագոս

17 ՀՈԿ 2025 07:47
Եվրամիությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Հարավային Կովկասում կոմունիկացիաների զարգացմանն ու տարածաշրջանային կապերի խթանմանը՝ իր գործիքակազմը ներդնելով ոչ միայն «Թրամփի ուղի» նախագծում, այլև Հայաստանի կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» ավելի լայն նախաձեռնության մեջ։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս հայտարարությունն արել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը՝ Սյունիքի մարզում լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում։
Դեսպանի խոսքը հնչել է ի պատասխան օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փաստաթղթերի մասին հարցի։ ԵՄ ներկայացուցիչը ընդգծել է, որ Բրյուսելը դրական է գնահատել այդ զարգացումները և սկզբից ևեթ պատրաստ է եղել սատարել դրանց իրականացմանը։
«Իրադարձությունները և հանդիպումները, որոնք եղան Վաշինգտոնում օգոստոսի 8-ին, Եվրամիության կողմից ողջունվել են, և մենք այդ օրվանից ի վեր պատրաստակամություն ենք հայտնել աջակցել այդ նախաձեռնություններին և կապակցվածությանը։ Մենք պատրաստ ենք մեր գործիքները ներդնել ոչ միայն «Թրամփի ուղի» նախագծի շրջանակներում, այլ նաև ամբողջ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում, որը ողջունվել է Եվրամիության կողմից դեռ երկու տարի առաջ, երբ Հայաստանի կառավարությունը հայտարարեց դրա մասին»,- նշել է Վասիլիս Մարագոսը։
Դեսպանի խոսքով, ԵՄ-ի աջակցությունը չի սահմանափակվում կոնկրետ նախագծերով, այլ ընդգրկում է Հայաստանի կառավարության ռազմավարական տեսլականը՝ երկիրը դարձնելու տարածաշրջանային լոգիստիկ և խաղաղության հանգույց։ Վասիլիս Մարագոսը վերահաստատել է նաև Եվրամիության հետևողական դիրքորոշումը՝ աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին։ Նա նշել է, որ թեև բազմաթիվ մանրամասներ դեռ պետք է հստակեցվեն, ԵՄ-ն լիովին սատարում է խաղաղության օրակարգին։
«Մենք շատ երջանիկ ենք, որ խաղաղությունը գալիս է։ Շատ մանրամասներ դեռ պետք է պարզաբանվեն, բայց մենք այստեղ ենք՝ որպես Հայաստանի, հայ ժողովրդի և Հայաստանի կառավարության հուսալի գործընկեր, որպեսզի սատարենք ձեզ այս գործընթացում»,- եզրափակել է ԵՄ դեսպանը՝ վստահեցնելով, որ Բրյուսելը կշարունակի մնալ Հայաստանի կողքին՝ աջակցելով նրա բարեփոխումներին և խաղաղասիրական ձգտումներին
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել