Մակրոնը փակուղում. վարչապետի հրաժարականը խորացնում է ճգնաժամը
9 ՍԵՊ 2025 05:56

Մակրոնը փակուղում. վարչապետի հրաժարականը խորացնում է ճգնաժամը
9 ՍԵՊ 2025 05:56
Ֆրանսիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել վարչապետ Ֆրանսուա Բայրուի կառավարությանը։ Նախագահ Էմանուել Մակրոնն «ի գիտություն է ընդունել» վարչապետ Ֆրանսուա Բայրուին պաշտոնանկ անելու Ազգային ժողովի որոշումը։ Ելիսեյան պալատից հայտարարել են, որ նոր վարչապետը կնշանակվի «առաջիկա օրերին»։ Իսկ գործող վարչապետը հրաժարական կտա սեպտեմբերի 9-ին։ Արդյո՞ք դրանով գործող իշխանության դժվարությունները կավարտվեն, թե՞ դրանք դեռ նոր են սկսվում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առջև ծառացած մարտահրավերը՝ երկու տարուց էլ պակաս ժամանակում նշանակել իր հինգերորդ վարչապետը, բացահայտում է քաղաքական ճգնաժամի խորությունը, որն այսօր ունի իշխող ուժը։
Ֆրանսուա Բայրուն պատրաստվում է սեպտեմբերի 9-ին վարչապետի պաշտոնից հրաժարական տալ՝ խորհրդարանի կողմից բյուջեի դեֆիցիտը զսպելու ծրագրերի դեմ քվեարկության պատճառով:
Բայրուի նախորդը՝ Միշել Բարնիեն, նույն ճակատագրին էր արժանացել իր ֆինանսական ծրագրերի համար ընդամենը ինը ամիս առաջ: Բայրուն զգուշացրել էր օրենսդիրներին, որ իր անկումը չի վերացնի Ֆրանսիայի ֆինանսական խնդիրները: Սակայն, ինչպես պահպանողական Բարնիեն, նա քիչ պաշտպանություն ուներ՝ առանց խորհրդարանական մեծամասնության:
Առանց խորհրդարանական մեծամասնության աջակցության կարևոր քաղաքական որոշումների անցկացնելը դարձել է վտանգավոր Մակրոնի համար՝ 2024 թվականի արտահերթ ընտրությունների ձախողված խաղադրույքից հետո։ Ըստ վերլուծաբանների, նրա դիրքերը ակնհայտ թուլացել են: «Այստեղից հեշտ ելք չկա», - ասել է Sciences Po համալսարանի քաղաքական հետազոտությունների տնօրեն Քևին Արսենոյը: «Նախագահն իսկապես դժվար վիճակում է»,- նշել է նա:
Ֆրանսիան հազվադեպ է տուժել նման խոր քաղաքական ճգնաժամից՝ 1958 թվականին Հինգերորդ Հանրապետության՝ ներկայիս կառավարման համակարգի ստեղծումից ի վեր: 1958 թվականի սահմանադրությունը նախագծված էր կայուն կառավարում ապահովելու համար՝ ստեղծելով հզոր և բարձր կենտրոնացված նախագահ՝ խորհրդարանում ամուր մեծամասնությամբ, և խուսափելու համար Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես առաջ և հետո եղած անկայուն ժամանակաշրջաններից:
Սակայն Մակրոնը, ով 2017 թվականին իշխանության գալով վերափոխեց քաղաքական դաշտը, հայտնվել է խճճված խորհրդարանում, որտեղ կենտրոնը այլևս չի պահպանում հավասարակշռությունը, և ծայրահեղ աջերն ու ծայրահեղ ձախերը գերիշխում են:
Ֆրանսիան սովոր չէ կոալիցիաներ կառուցել և կոնսենսուս գտնել, ինչի պատմական փորձն ունի, օրինակ, Իտալիան։
Ստեղծված իրավիճակում Մակրոնը կարող է նշանակել մեկ այլ վարչապետ իր թիմակիցներից: Պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուն համարվում է հավանական թեկնածու: Նման ընտրությունը կարող է սրել հանրային դժգոհությունը:
Որոշ քաղաքական մեկնաբաններ ասել են, որ ակնկալում են, որ Մակրոնը կդիմի սոցիալիստի՝ կառավարությունը ղեկավարելու առաջարկությամբ: Սակայն սոցիալիստներն էլ ունեն իրենց պայմանները: Նրանք պաշտպանում են հարուստներին հարկելու և կենսաթոշակային տարիքի բարձրացման քայլը չեղարկելու քաղաքականությունը: Նման միջոցառումները հակասում են Մակրոնի բիզնեսին նպաստող սկզբունքներին և խաթարում են օտարերկրյա ներդրողներին գրավելու նպատակով կատարված նախկին բարեփոխումները: Շատ վերլուծաբաններ քիչ հավանական են համարում, որ նախագահ Մակրոնը հետ կանգնի իր որդեգրած բարեփոխումներից։
Մակրոնը կարող է կրկին արտահերթ ընտրություններ հայտարարել, սակայն հարցումները ցույց են տալիս, որ Մարին Լը Պենի ծայրահեղ աջ Ազգային ճակատը կամրապնդի իր դիրքերը որպես Ազգային ժողովի ամենամեծ միասնական քաղաքական ուժ: Մակրոնի կուսակցությունը կկորցնի էլ ավելի շատ տեղեր:
Իր ազգայնական գլխավոր մրցակիցների հետ իշխանությունը կիսելու հեռանկարը խայտառակ պարտություն կլինի Մակրոնի համար՝ հակասելով ռեակցիոն ուժերին հակազդելու իր իսկ խոստումներին: Սակայն Ֆրանսիայի նախագահի թիմակիցները չեն բացառում նաև այդ հեռանկարը։ Նրանց գնահատմամբ, Մակրոնը անկանխատեսելի է և կարող է ամենաանսպասելի որոշումներն ընդունել։ Որոշ քաղաքական գործիչներ կոչ են անում անգամ սահմանադրական բարեփոխումներ իրականացնել և ստեղծել Վեցերորդ Հանրապետություն:
Իր վերջին Ամանորի ելույթում Մակրոնը ներկայացրել էր հանրաքվեների գաղափարը: Դժվար քաղաքական կացության մեջ հայտնվելով՝ նա կարող է գայթակղվել ու ևս մեկ քաղաքական խաղաքարտ խաղալ:
1969 թվականին Շառլ դը Գոլը փորձեց նույն մարտավարությունը՝ 1968 թվականի մայիսյան ուսանողական բողոքներից հետո իր վերահսկողությունը վերականգնելու համար: Նա պարտվեց և հաջորդ օրը հրաժարական տվեց: Որոշ վերլուծաբաններ այդ վերջաբանը չեն բացառում նաև Մակրոնի համար։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել