Մահացել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիք Չեյնին
4 ՆՈՅ 2025 13:22

Մահացել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիք Չեյնին
4 ՆՈՅ 2025 13:22
84 տարեկան հասակում մահացել է Դիք Չեյնին՝ ԱՄՆ նախկին փոխնախագահը, որը նախագահական պատմաբանների կողմից համարվում է երկրի պատմության ամենահզոր և ազդեցիկ փոխնախագահներից մեկը։ Ինչպես երեքշաբթի օրը հայտնել է նրա ընտանիքը, մահվան պատճառ են դարձել թոքաբորբի, ինչպես նաև սրտային և անոթային հիվանդությունների բարդությունները։ Չեյնին, որը 2003 թվականին Իրաք ամերիկյան ներխուժման գլխավոր շարժիչ ուժերից էր, ամբողջ կյանքում ունեցել է սրտի հետ կապված խնդիրներից՝ առաջին կաթվածը ստանալով դեռևս 37 տարեկանում, իսկ 2012-ին նա սրտի փոխպատվաստում էր տարել։
Լինելով Վայոմինգից՝ նախկին կոնգրեսական և պաշտպանության նախարար Չեյնին արդեն իսկ Վաշինգտոնի խոշորագույն քաղաքական դեմքերից էր, երբ 2000 թվականին Տեխասի այն ժամանակվա նահանգապետ Ջորջ Բուշ կրտսերն ընտրեց նրան որպես իր փոխնախագահի թեկնածու։ 2001-2009 թվականներին պաշտոնավարելով որպես փոխնախագահ՝ Չեյնին ակտիվորեն պայքարում էր նախագահի իշխանության ընդլայնման համար՝ զգալով, որ այն թուլացել էր Ուոթերգեյթյան սկանդալից հետո, որը պաշտոնանկ արեց նրա նախկին ղեկավար Ռիչարդ Նիքսոնին։ Նա նաև զգալիորեն ընդլայնեց փոխնախագահի գրասենյակի լիազորությունները՝ ստեղծելով ազգային անվտանգության հարցերով սեփական թիմը, որը հաճախ գործում էր որպես վարչակազմի ներսում առանձին իշխանական կենտրոն։
Չեյնին 2003 թվականին Իրաք ներխուժման ամենակրքոտ ջատագովն էր և Բուշի վարչակազմի այն պաշտոնյաներից, որոնք ամենաբարձրաձայնն էին զգուշացնում Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի ենթադրյալ պաշարների վտանգի մասին։ Հետագայում այդպիսի զենք այդպես էլ չհայտնաբերվեց։ Նա կանխատեսում էր, որ ամերիկյան ուժերին Իրաքում «կդիմավորեն որպես ազատարարների», իսկ զորքերի տեղակայումը «կանցնի համեմատաբար արագ՝ շաբաթների, ոչ թե ամիսների ընթացքում»։ Չնայած զենքի բացակայությանը, Չեյնին հետագա տարիներին պնդում էր, որ ներխուժումը ճիշտ որոշում էր՝ հիմնված այն ժամանակվա հետախուզական տվյալների վրա։
Նա նաև պաշտպանում էր ահաբեկչության մեջ կասկածվողների նկատմամբ «ընդլայնված հարցաքննության մեթոդների» կիրառումը, որոնք ներառում էին ջրահեղձության իմիտացիա և քնից զրկում։ Այլ կառույցներ, ներառյալ ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովը և ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը, այդ մեթոդները որակել են որպես «խոշտանգում»։
Չեյնիի դուստրը՝ Լիզ Չեյնին, նույնպես դարձավ ազդեցիկ հանրապետական օրենսդիր, սակայն կորցրեց իր տեղը Ներկայացուցիչների պալատում՝ ընդդիմանալով նախագահ Դոնալդ Թրամփին և քվեարկելով նրա իմփիչմենթի օգտին։ Հայրը՝ Դիք Չեյնին, համաձայն էր դստեր դիրքորոշման հետ և հայտարարել էր. «Մեր ազգի 248-ամյա պատմության մեջ երբեք չի եղել մի անհատ, որն ավելի մեծ սպառնալիք ներկայացնի մեր հանրապետության համար, քան Դոնալդ Թրամփը»։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել