Լոնդոնում զանգվածային հակամիգրանտական ցույցը վերածվել է բախումների
14 ՍԵՊ 2025 07:40

Լոնդոնում զանգվածային հակամիգրանտական ցույցը վերածվել է բախումների
14 ՍԵՊ 2025 07:40
Լոնդոնում սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել վերջին տարիների ամենամեծ հակամիգրանտական ցույցը: Ոստիկանության տվյալներով՝ փողոցներ է դուրս եկել մինչև 150 հազար մարդ: Ակցիան կազմակերպել է աջակողմյան ակտիվիստ Թոմի Ռոբինսոնը, ով այն անվանել է «խոսքի ազատության հանրահավաք»:
Բրիտանական դրոշներով ցուցարարները պահանջել են Կիր Սթարմերի կառավարության հրաժարականը և միգրանտների հոսքի սահմանափակում:
Խաղաղ երթը արագ վերածվել է բախումների. մասնակիցները սկսել են ոստիկանության վրա նետել շշեր և ծխագլանակներ: Պաշտոնական տվյալներով՝ տուժել է 26 ոստիկան, որոնցից չորսը ստացել են ծանր վնասվածքներ:
Ոստիկանների մոտ ախտորոշվել են կոտրվածքներ, գլխուղեղի ցնցում և ատամների կորուստ: Արդեն ձերբակալվել է 25 մարդ, սակայն, ինչպես նշում է ոստիկանությունը, ձերբակալությունների թիվը կավելանա:
Ինքը՝ Ռոբինսոնը, ով Բրիտանիայում հայտնի է իր ծայրահեղական ակցիաներով և բազմաթիվ դատվածություններով, հայտարարել է «մշակութային հեղափոխության» մեկնարկի մասին և խոստացել, որ «լռակյաց մեծամասնությունն այլևս չի լռի»:
Նրան աջակցել են հայտնի աջակողմյան քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բենոնը և ֆրանսիացի հրապարակախոս Էրիկ Զեմմուրը:
Միաժամանակ փողոցներ են դուրս եկել ակցիայի մոտ 5000 հակառակորդներ: Ցույցը անցկացվել է «Ոչ ատելության» կարգախոսով, և դրա մասնակիցների թվում է եղել Լեյբորիստական կուսակցությունից պատգամավոր Դիանա Էբբոթը, ով Ռոբինսոնի հայտարարությունները անվանել է «վտանգավոր անհեթեթություն»:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել