Լեհաստանի ԶՈւ-ն խոցել է երկրի օդային տարածք ներխուժած ավելի քան 10 ռուսական ԱԹՍ
10 ՍԵՊ 2025 05:43

Լեհաստանի ԶՈւ-ն խոցել է երկրի օդային տարածք ներխուժած ավելի քան 10 ռուսական ԱԹՍ
10 ՍԵՊ 2025 05:43
Վաղ առավոտյան Լեհաստանի օդային տարածք են ներխուժել անօդաչու թռչող սարքեր։ Ըստ տարբեր աղբյուրների՝ ավելի քան մեկ տասնյակ։ Լեհաստանի բանակի օպերատիվ հրամանատարությունը հայտարարությամբ ներկայացրել ու նկարագրել է իրավիճակը՝ պայմանավորված Լեհաստանի օդային տարածք անօդաչուների ներխուժման հետ:
«Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի տարածքի վրա հարձակման հետևանքով տեղի է ունեցել Լեհաստանի օդային տարածքի աննախադեպ խախտում՝ անօդաչու թռչող սարքերի տիպի օբյեկտներով»:
X սոցիալական ցանցում տեղադրված գրառման մեջ լեհական հրամանատարությունը նշել է, որ Լեհաստանի օդային տարածք մուտք գործած դրոնները «իրական սպառնալիք» էին ներկայացնում լեհ քաղաքացիների անվտանգության համար:
Ըստ գրառման, երբ դրոնները մտել են օդային տարածք, խոցվել են, և այժմ ջանքեր են գործադրվում՝ պարզելու «օբյեկտների» հնարավոր կործանման վայրերը:
«Լեհական և դաշնակից ուժերն ու միջոցները լիովին պատրաստ են հետագա գործողությունների համար»,- գրում են նրանք:
Ռուսական դրոնները պարզապես չեն մոլորվել Լեհաստանում։ Սա տեղի է ունեցել Ուկրաինայի վրա Ռուսաստանի վերջին հարձակման ժամանակ, երբ օդային տագնապը սկսվել է կեսգիշերից առաջ՝ նախազգուշացումներով առնվազն 100 անօդաչու թռչող սարքերի մասին օդում, ինչպես նաև Ռուսաստանի կողմից հրթիռների արձակման նախապատրաստման մասին:
Այնուհետև, երբ ուկրաինացիները պատսպարվել են ընդհատակյա ապաստարաններում, սկսել են տեղեկություններ ստացվել, որ այդ դրոններից մի քանիսը հատել են Լեհաստանի օդային սահմանը: BBC-ն ընդգծում է, որ սա պարզապես անօդաչուների մոլորվելու կամ պարզ սխալմունքի հարց չէ։
Մոսկվան ուզում է ստուգել Արևմուտքի արձագանքը, գրել է լրատվամիջոցը։ Նրանք այնքան խորն են մտել Լեհաստանի տարածք, որ նույնիսկ Վարշավայի օդանավակայանն է փակվել՝ սահմանին ավելի մոտ ևս մի քանի օդանավակայանի հետ։
Ռուսական դրոնները նախկինում ևս հատել են Ուկրաինայի արևմտյան սահմանը: Մի անգամ ռուսական հրթիռը նույնիսկ ընկել է անտառում, բայց չի պայթել:
2022 թվականին սահմանին մոտ գտնվող երկու գյուղացիներ զոհվել էին, հավանաբար, Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կողմից հրթիռ խոցելու հետևանքով:
Փաստացի, այս ներխուժմամբ ռուսական կողմն առաջին անգամ ուղիղ շփվում է ՆԱՏՕ-ի անդամ պետության հետ։ Դաշինքն այդ մասին տեղեկացվել է օպերատիվ կերպով։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը X-ում հայտնել է, որ տեղեկացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեին իրավիճակի և Լեհաստանի կողմից ձեռնարկված գործողությունների մասին՝ կապված «մեր օդային տարածքը խախտած օբյեկտների» դեմ: «Մենք մշտական կապի մեջ ենք»:
Լեհաստանը ՆԱՏՕ-ի անվտանգության դաշինքի անդամ պետություն է, որը միավորում է ԱՄՆ-ը և եվրոպական բազմաթիվ երկրներ՝ ընդհանուր պաշտպանության շուրջ: ՆԱՏՕ-ի գործողությունները Լեհաստանում ղեկավարվում են ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սպիտակ տան ղեկավարը հայտարարեց, թե ԱՄՆ-ը չի պատրաստվում Լեհաստանից դուրս գալ։ Անգամ խոստացավ անհրաժեշտության դեպքում նոր ուժեր տեղակայել Լեհաստանում։ Այն ժամանակ դա, գուցե, ակտուալ չէր հնչում։ Բայց այս զարգացումներ ֆոնին Թրամփի հայտարարություններն արդեն ավելի շատ որպես նախազգուշացում են հնչում։
Թե ինչպես կարձագանքի ՆԱՏՕ-ն և ինչպես կարձագանքեն դաշինքի առանձին անդամները՝ դեռ հստակ չէ։ Փոխարենը։ Լեհաստանը Լեհաստանն արագացված կարգով զորակոչ է հայտարարել տարածքային պաշտպանության պահեստազորի համար՝ ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերի պատճառով,-հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Հետագա քայլերը հայտնի կդառնան առաջիկայում։ Առավոտյան տեղի ունեցած միջադեպից հետո Լեհաստանը անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել, հայտարարել է երկրի կառավարության մամուլի քարտուղարը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել