Լեհաստանը սկսել է ապաստարանների զանգվածային ստուգման գործընթացը
19 ՍԵՊ 2025 12:03

Լեհաստանը սկսել է ապաստարանների զանգվածային ստուգման գործընթացը
19 ՍԵՊ 2025 12:03
Ամբողջ Լեհաստանում մեկնարկել է ապաստարանների և թաքստոցների զանգվածային ստուգման գործընթաց։ Այս քայլը պայմանավորված է պետության անվտանգությանն ուղղված մարտահրավերների աճով, որոնք վերջին շրջանում դրսևորվել են երկրի օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի հայտնվելով։
Ի պատասխան ստեղծված իրավիճակի՝ կառավարությունը հայտարարել է քաղաքացիական պաշտպանության ենթակառուցվածքների արդիականացման լայնածավալ ծրագրի մասին՝ այդ նպատակով 2025-2026 թվականների համար հատկացնելով 5 միլիարդ զլոտի (շուրջ 1,25 միլիարդ դոլար)։ Մինչև 2025 թվականի սեպտեմբերի 12-ը լեհական անվտանգության ծառայություններն արդեն իսկ իրականացրել են գրեթե 4 հազար ստուգում այն շինություններում, որոնք կարող են ծառայել որպես ապաստարան կամ ժամանակավոր թաքստոց։
Լեհաստանի պետական հրշեջ ծառայության (PSP) և շինարարական վերահսկողության շրջանային տեսչությունների (PINB) կողմից իրականացված ավելի քան 2 հազար զննությունների նախնական արդյունքները ցույց են տվել, որ ավելի քան հազար շենք համապատասխանում է Ներքին գործերի նախարարության պահանջներին և կարող է օգտագործվել արտակարգ իրավիճակների դեպքում։ Հատկացված միջոցներն ուղղվելու են ոչ միայն գոյություն ունեցող ապաստարանների նորոգմանը, այլև նոր պաշտպանական կառույցների շինարարությանը և ազդարարման համակարգերի զարգացմանը։ Ծրագրում առաջնահերթություն կտրվի «Արևելյան վահան» ազգային պաշտպանական ծրագրում ընդգրկված շրջաններին, սակայն ֆինանսավորում կստանան նաև վոյեվոդությունների կողմից որպես առավել խոցելի ճանաչված քաղաքներն ու տարածքները։
Բնակչության և քաղաքացիական պաշտպանության մասին նոր օրենքը պարտավորեցնում է տեղական ինքնակառավարման մարմիններին հստակեցնել այն օբյեկտները, որոնք կարող են վերածվել պաշտպանական կառույցների։ Պետությունը պատրաստակամություն է հայտնել մինչև 100%-ով փոխհատուցել շենքերի սեփականատերերի և կառավարիչների կողմից ապաստարանների կառուցման համար կատարված ծախսերը։ Ծրագրում ընդգրկվել են նաև դպրոցները, հատկապես 1960-ականներին կառուցված «հազարամյակի դպրոցները», որոնք կարդիականացվեն՝ սպառնալիքի դեպքում աշակերտների և ուսուցիչների անվտանգությունն ապահովելու համար։
Կառավարության նպատակն է քաղաքային բնակավայրերում բնակչության առնվազն 50%-ի, իսկ գյուղական վայրերում՝ 25%-ի համար ապահովել օբյեկտներում կոլեկտիվ պաշտպանության տեղեր։
Այս լայնածավալ միջոցառումների ֆոնն էլ ավելի է ընդգծվում վերջին իրադարձություններով։ Օրերս Լեհաստանի կենտրոնական մասում՝ կառավարական շենքերի վերևում, խոցվել են անօդաչու սարքեր։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 10-ին, ԱԹՍ-ների բեկորներ էին հայտնաբերվել հինգ վոյեվոդության 17 բնակավայրում։ Այս իրադարձությունների հետևանքով ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել սկսել «Արևելյան դետք» (Eastern Sentry) գործողությունը՝ դաշինքի արևելյան թևն ամրապնդելու համար, իսկ Գերմանիան արդեն սկսել է պարեկություն իրականացնել Լեհաստանի օդային տարածքում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել