Կրեմլը հաստատել է՝ Պուտինը կհանդիպի Ուիթքոֆի և Քուշների հետ
2 ԴԵԿ 2025 11:37

Կրեմլը հաստատել է՝ Պուտինը կհանդիպի Ուիթքոֆի և Քուշների հետ
2 ԴԵԿ 2025 11:37
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պաշտոնապես հաստատել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ այսօր նախատեսված հանդիպմանը ներկա է լինելու նաև Սպիտակ տան ղեկավարի փեսան՝ Ջարեդ Քուշները։ Թեև ավելի վաղ այս մասին ակտիվորեն գրում էին տարբեր միջազգային լրատվամիջոցներ, սակայն Մոսկվայից պաշտոնական հաստատում դեռ չկար։
Հանդիպումը, որը տեղի է ունենալու Կրեմլում, կմեկնարկի Երևանի ժամանակով մոտավորապես 18:00-ին։ Պեսկովն ընդգծել է, որ ամերիկյան պատվիրակության կազմը խիստ սահմանափակ է լինելու. Ուիթքոֆից և Քուշներից բացի՝ դահլիճում ներկա են լինելու «միայն թարգմանիչները»։
Այս շեշտադրումը պատահական չէ։ Բանն այն է, որ նախկին այցերի ժամանակ Սթիվ Ուիթքոֆը սուր քննադատության էր ենթարկվել Պուտինի հետ միայնակ հանդիպելու և բացառապես կրեմլյան թարգմանչի օգնությանը ապավինելու համար։ Այս անգամ, ըստ երևույթին, ամերիկյան կողմը որոշել է խուսափել նման խոսակցություններից՝ ապահովելով սեփական թարգմանչական աջակցությունը։
Ինչ վերաբերում է բանակցությունների ժամանակային սահմանափակումներին, ապա Կրեմլում նախընտրում են չկանխորոշել ընթացքը։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Պեսկովը տևողության վերաբերյալ հարցին պատասխանել է բավականին հակիրճ՝ նշելով, որ հանդիպումը կտևի այնքան, «որքան կպահանջվի»՝ կախված քննարկվող հարցերի ծավալից և կարևորությունից։
Ռուսական լրատվական գործակալությունները նաև ֆիքսել են պատվիրակության ժամանումը. հաղորդվում է, որ օդանավը, որով սովորաբար տեղաշարժվում է Ուիթքոֆը, Մայամիից արդեն վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար