Հեղափոխության փորձ Վրաստանում. Կոբախիձեի հայտարարությունը
Գրանցվել
Գրանցվել
Վրաստանում հեղափոխության 5-րդ փորձն է կանխվել․ Իրակլի Կոբախիձե
7 ՀՈԿ 2025 05:42
Վրաստանում հեղափոխության 5-րդ փորձն է կանխվել․ Իրակլի Կոբախիձե

Վրաստանում հեղափոխության 5-րդ փորձն է կանխվել․ Իրակլի Կոբախիձե

7 ՀՈԿ 2025 05:42
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրում կանխվել է վերջին չորս տարվա ընթացքում հեղափոխության հինգերորդ փորձը։ Ըստ նրա՝ այս փորձը ևս աջակցություն է ստացել դրսից։ Վարչապետը վստահեցրել է, որ նախագահական պալատի գրոհի հետ առնչություն ունեցող բոլոր անձինք կենթարկվեն պատասխանատվության, և նրանց հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում է հատուկ գործողություն։
«Այս չորս տարվա ընթացքում մենք ականատես ենք եղել մեր երկրում հեղափոխության կազմակերպման հինգերորդ փորձին, որն այս դեպքում ևս աջակցություն է ստացել դրսից։ Չնայած դրան՝ պետությունը կրկին իր բարձրության վրա էր, և այս փորձը ևս կանխվեց։ Սակայն գլխավորն այն է, որ մենք չենք կարող սպասել վեցերորդ, յոթերորդ, ութերորդ փորձերին», - հայտարարել է Կոբախիձեն։ Նա նաև մեղադրել է «երիտասարդական ծայրահեղական խմբավորմանը» և «օտարերկրյա հատուկ ծառայություններին» պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ։
Ըստ վարչապետի՝ Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «պատրաստ էր մտնել նախագահական նստավայր, սակայն հետո հեռացավ»։ Ի պատասխան՝ Զուրաբիշվիլին X-ի իր միկրոբլոգում հերքել է այս պնդումը՝ այն անվանելով «ֆարս»։ «Որպես օրինական նախագահ՝ ես պաշտոնապես մերժում եմ դա և շարունակում եմ խաղաղ կանգնած մնալ իմ ժողովրդի կողքին, մինչև մենք հաղթենք նոր ընտրություններում», - գրել է նա։
Հոկտեմբերի 4-ի բողոքի ակցիայի կազմկոմիտեի հինգ անդամի դեմ մեղադրանք է առաջադրվել։ Նրանց թվում են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության քաղխորհրդի անդամ, նախկին գլխավոր դատախազ Մուրթազ Զոդելավան, «Ռուսթավելիի պողոտա» հասարակական շարժման հիմնադիր, օպերային երգիչ Պաատա Բուրճուլաձեն, «Ստրատեգիա Աղմաշենեբելի» կուսակցության գլխավոր քարտուղար Պաատա Մանջգալաձեն և այլք։
Նրանց մեղադրանք է առաջադրվել միանգամից երեք հոդվածով՝ ռազմավարական օբյեկտների զավթման կամ արգելափակման փորձ, խմբակային բռնության կազմակերպում և սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչեր։ Այս մեղադրանքներով նրանց սպառնում է մինչև ինը տարվա ազատազրկում։
Ըստ դատախազության՝ հոկտեմբերի 4-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, Բուրճուլաձեն ներկայացրել է իշխանության ներկայացուցիչներին բերման ենթարկելու և նրանց նկատմամբ անօրինական միջոցներ կիրառելու ծրագիր, իսկ Զոդելավան կոչ է արել ցուցարարներին ուղևորվել դեպի նախագահի նստավայր և «ուժով գրավել այն»։ Ակցիայի կազմակերպիչները հայտարարել էին, որ գործող կառավարությունը լեգիտիմ չէ և պահանջել էին «իշխանության խաղաղ փոխանցում»։ Ցուցարարների մի մասը փորձել էր ներխուժել նախագահական նստավայր, սակայն հատուկ ջոկատայինները, կիրառելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ, հետ էին մղել նրանց։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել