ՀՀ էներգետիկ անկախության համար՝ 500 միլիոն եվրո
Կես միլիարդ եվրո՝ ՀՀ էներգետիկ անկախության համար. Բրյուսելի նոր աջակցությունը
2 ԴԵԿ 2025 09:38
Կես միլիարդ եվրո՝ ՀՀ էներգետիկ անկախության համար. Բրյուսելի նոր աջակցությունը

Կես միլիարդ եվրո՝ ՀՀ էներգետիկ անկախության համար. Բրյուսելի նոր աջակցությունը

2 ԴԵԿ 2025 09:38
Եվրոպական միությունը նախատեսում է աննախադեպ ծավալի՝ 500 միլիոն եվրոյի ներդրում կատարել Հայաստանի էներգետիկ ոլորտում։ Այս քայլը նպատակաուղղված է երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը, ենթակառուցվածքների արդիականացմանն ու արտաքին դերակատարներից կախվածության նվազեցմանը։ Այդ մասին Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ԵՄ ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարտա Կոսը, փոխանցում է «Արմենպրես»-ը։
Նախաձեռնության իրավական հիմքերն արդեն դրվել են. օրեր առաջ Տաշքենդում ստորագրվել է համապատասխան փաստաթուղթը, որով մեկնարկում է աջակցությունը «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» նախագծին։ Ծրագիրն իրականացվում է գերմանական KfW բանկի հետ համագործակցությամբ։ Նախագծի գլխավոր մեխը Հայաստանի և Վրաստանի էլեկտրացանցերի սինխրոնացումն է, որը թույլ կտա ապահովել հուսալի, ճկուն և փոխշահավետ միջսահմանային էներգիայի փոխանակում Հարավային Կովկասում։
Կոսը բացահայտել է ծրագրի ռազմավարական ենթատեքստը՝ նշելով, որ աշխատանքներ են տարվում նաև Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի ուղղությամբ։ «Ինչո՞ւ, որպեսզի դուք ավելի ու ավելի քիչ կախված լինեք Ռուսաստանից ստացվող էներգիայից»,- ընդգծել է եվրահանձնակատարը։ Նա զուգահեռներ է անցկացրել Եվրոպայի սեփական փորձի հետ՝ հիշեցնելով, որ մինչև 2022 թվականի պատերազմը ԵՄ-ն Ռուսաստանից ներկրում էր գազի 60%-ը, ածխի 50%-ը և նավթի 40%-ը։ Ներկայումս ածխի և նավթի ներկրումը հասցվել է զրոյի, իսկ գազի դեպքում ծավալները դանդաղ, բայց հետևողականորեն նվազում են։
Այս հավակնոտ ծրագրերը կյանքի կոչելու համար ԵՄ հանձնակատարը ակտիվ շփումների մեջ է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ։ Կոսը խնդրել է նախարարին ներկայացնել ընդհանուր կապակցվածությանն ուղղված առաջնահերթ ծրագրերի ցանկը։ Ավելին, եվրոպական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցելու նաև նախարարության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը, ինչը կենսական նշանակություն ունի նման խոշորածավալ ենթակառուցվածքային նախագծերի հաջող իրականացման համար։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար