Ճապոնիայի նոր վարչապետը պատրաստ է ՌԴ-ի հետ խաղաղության պայմանագրին
24 ՀՈԿ 2025 11:00

Ճապոնիայի նոր վարչապետը պատրաստ է ՌԴ-ի հետ խաղաղության պայմանագրին
24 ՀՈԿ 2025 11:00
Ճապոնիայի կառավարությունը վճռական է տրամադրված Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում՝ չնայած երկկողմ հարաբերություններում առկա բարդ իրավիճակին։ Այս մասին խորհրդարանում իր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ունեցած ծրագրային ելույթում հայտարարել է երկրի նորանշանակ վարչապետ Սանաե Տակաիչին։
«Չնայած ճապոնա-ռուսական հարաբերություններում առկա բարդ իրավիճակին, Ճապոնիայի կառավարության քաղաքականությունն ուղղված է տարածքային հարցի լուծմանը և խաղաղության պայմանագրի կնքմանը», - վարչապետի խոսքերն է մեջբերում Yomiuri Shimbun թերթը։
Իր ելույթում Տակաիչին նշել է, որ համաշխարհային հանրությունը բախվել է «ուժերի հավասարակշռության պատմական փոփոխությունների» և աշխարհաքաղաքական մրցակցության սրման հետ։ Այս համատեքստում նա խոստացել է վերակենդանացնել Ճապոնիայի դիվանագիտությունը, որը «կծաղկի աշխարհի կենտրոնում»։
Անդրադառնալով Տոկիոյի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին՝ վարչապետն ընդգծել է, որ ճապոնական անվտանգության ոլորտում «դիվանագիտության և քաղաքականության անկյունաքարը» հանդիսանում է Միացյալ Նահանգների հետ դաշինքը։ Տակաիչին շեշտել է, որ հենց այս հիմքի վրա Ճապոնիան նախատեսում է խորացնել «անվտանգության հարցերով բազմակողմ խորհրդատվությունների ձևաչափերը»։ Բացի այդ, Տոկիոն մտադիր է շարունակել առաջ մղել «ազատ և բաց Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի» գաղափարը։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 22-ին, Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին վերահաստատել էր, որ Ճապոնիան մտադիր է խաղաղության պայմանագիր ստորագրել ռուսական կողմի հետ միայն տարածքային հարցի կարգավորումից հետո։ Սակայն, նրա խոսքով, ներկա պահին այս հարցի շուրջ որևէ կոնկրետ բան ասել հնարավոր չէ, քանի որ ճապոնական կողմն աջակցություն է ցուցաբերում Կիևին, իսկ Մոսկվան այդ փաստի վրա աչք փակել չի կարողանա։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել