Թռչող մարդանման ռոբոտ iRonCub3՝ արտակարգ իրավիճակների համար | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Իտալիայում թռչող ռոբոտ են ստեղծել
8 ՀՈՒԼ 2025 16:45
Իտալիայում թռչող ռոբոտ են ստեղծել

Իտալիայում թռչող ռոբոտ են ստեղծել

8 ՀՈՒԼ 2025 16:45
Մեր օրերում սուպերհերոսների կարող ենք հանդիպել ոչ միայն ֆիլմերում, այլև իրական կյանքում։ Իտալական տեխնոլոգիական ինստիտուտի փորձագետները ստեղծել են թռչող ռոբոտ՝ iRonCub3 անվանումով։ Այս մասին հաղորդում են միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները։ Ինժեներները նշել են, որ հետագա զարգացումների արդյունքում՝ ռոբոտը ծառայելու է նաև արտակարգ իրավիճակներում տուժածներին գտնելու և տվյալները փոխանցելու համար։
Ինչ տեխնոլոգիաներ են օգտագործել մասնագետները, որպեսզի ռոբոտը կարողանա թռչել
Վերջին փորձարկումների ժամանակ iRonCub3-ը ցուցադրել է մոտ 50 սանտիմետր բարձրության հասնելու և հավասարակշռությունն օդում պահելու ունակություն։ 70 կիլոգրամ կշռող այս ռոբոտի մեջքին գտնվում է երկու ռեակտիվ շարժիչով ուսապարկ, իսկ ձեռքերի փոխարեն՝ երկու շարժման արագացուցիչ։ Շարժիչների առավելագույն ձգողականության ուժը կազմում է 1000 Նյուտոն, իսկ արտանետվող գազերի ջերմաստիճանը հասնում է 800 °C-ի։ Ռոբոտի համակարգը ներառում է նաև արհեստական բանականություն (AI), որի շնորհիվ այն կարողանում է ճիշտ կողմնորոշվել տարածության մեջ, վերլուծել իրավիճակը։
Առայժմ դեռ թռչող, իսկ առաջիկայում նաև՝ փրկարար-ռոբոտ
Թեև մասնագետները դեռ միայն փորձարկել են iRonCub3-ի թռչելու տեխնիկան, ապագայում նախատեսում են նաև ռոբոտին օգտագործել արտակարգ իրավիճակների, աղետների ժամանակ՝ տեղեկատվություն հավաքելու համար։ Այսինքն՝ իր վրա տեղադրված տեսախցիկների և սենսորների շնորհիվ, ռոբոտը կկարողա ֆիքսել աղետի տեղանքը, հասնել այդտեղ և փոխանցել ստացված տվյալները։ Այդպիսի իրավիճակներ կարող են լինել հրդեհը, վթարը, երկրաշարժը, քիմական արտահոսքը։ Իր չափազանց ամուր կառուցվածքի շնորհիվ՝ ռոբոտը դիմացկուն է այնպիսի վայրերում, որտեղ մարդկանց ուղարկելը վտանգավոր է կամ անհնար։
«Iron Man»-ը՝ ռոբոտը ստեղծելու ոգեշնչման աղբյուր
Ռոբոտի հեղինակները պատմում են, որ iRonCub3-ի նախատիպը Marvel Comics-ի Iron Man ֆիլմի հերոս Թոնի Սթարքն է, որը Աֆղանստանում վիրավորումից հետո ստեղծում է իր կյանքի փրկության և պաշտպանության համար «Երկաթյա մարդ» զրահը։ Ինչպես «Երկաթյա մարդ»-ը, այնպես էլ iRonCub3-ը նույնպես բավական ամուր կառուցվածք ունի, պատված է ջերմակայուն շերտով՝ հրդեհներից պաշտպանվելու  համար։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ

Աջակցիր անկախ, թափանցիկ և փաստահեն հեռարձակմանը։

ReOpen-ը քո հարթակն է՝ կարդալու, դիտելու, սովորելու, քննարկելու և ազատ արտահայտվելու։ Քո աջակցությամբ այն մնում է անկողմնակալ և բոլորինը։

Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել