Իրաքյան Քուրդիստանի նավթը կրկին կարտահանվի Թուրքիայի տարածքով
26 ՍԵՊ 2025 06:49

Իրաքյան Քուրդիստանի նավթը կրկին կարտահանվի Թուրքիայի տարածքով
26 ՍԵՊ 2025 06:49
Իրաքի դաշնային կառավարության և Քրդական ինքնավարության միջև կնքվել է պատմական համաձայնագիր, որը վերջ կդնի երկարամյա քաղաքական և իրավական վեճերին ու կվերականգնի նավթի արտահանումը ռազմավարական նշանակություն ունեցող Քիրքուք-Ջեյհան խողովակաշարով։ Իրաքի վարչապետ Մուհամմեդ Շիա աս-Սուդանին հայտարարել է, որ Իրաքյան Քուրդիստանի հանքավայրերից արդյունահանվող նավթի արտահանումը Թուրքիա կվերսկսվի առաջիկա 48 ժամվա ընթացքում։
Սոցիալական ցանցում արված իր գրառման մեջ աս-Սուդանին այս համաձայնությունը որակել է որպես «պատմական» և «հաջողություն, որին սպասել են 18 տարի»։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Իրաքի նավթի նախարարությունը կընդունի Իրաքյան Քուրդիստանի հանքավայրերում արդյունահանված հում նավթը և այն կուղղի Քիրքուք-Ջեյհան խողովակաշար՝ Թուրքիայի Ջեյհան նավահանգստով արտահանելու համար։ Ընդ որում, օրական արդյունահանվող ծավալից 50,000 բարելը կպահուստավորվի ներքին սպառման կարիքների համար, իսկ մնացած մասը կարտահանվի Իրաքի պետական նավթային SOMO կորպորացիայի միջոցով։
Աս-Սուդանիի խոսքով, այս համաձայնագիրը կապահովի Իրաքի հարստության արդար բաշխում, կարագացնի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և կխթանի ներդրումները տնտեսության մեջ։ Սեպտեմբերի 24-ին Քրդական ինքնավարության բնական պաշարների նախարարությունը հաստատել էր, որ տեղական և օտարերկրյա ընկերությունների հետ արդեն իսկ ստորագրվել են համապատասխան պայմանագրեր, և նավթի մատակարարումները սկսելու համար սպասում են միայն Իրաքի նավթի նախարարության վերջնական որոշմանը։
Նավթի արտահանումը ռազմավարական այս խողովակաշարով դադարեցվել էր 2023 թվականի մարտին, երբ Թուրքիան փակել էր այն։
Պատճառը Իրաքի դաշնային կառավարության (Բաղդադ) և Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային իշխանությունների (Էրբիլ) միջև տևական քաղաքական-իրավական վեճերն էին։ Բաղդադը պնդում էր նավթի արտահանման իր բացառիկ իրավունքի վրա, մինչդեռ Էրբիլը, հղում անելով սահմանադրության դրույթներին, պաշտպանում էր կենտրոնական իշխանությունների հետ համակարգմամբ բնական ռեսուրսները կառավարելու իր իրավունքը։
Շատ փորձագետներ հակված են այն մտքին, որ, հակառակ ոչ մեծ ծավալներին, այս համալրումը ոչ միայն կկայունացնի Իրաքի տնտեսությունը, այլև կնպաստի տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ամրապնդմանը՝ վերականգնելով նավթի մատակարարումները համաշխարհային շուկա։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել