Հզոր ցիկլոնը կաթվածահար է արել Կամչատկան. չեղարկվել են չվերթները
11 ՆՈՅ 2025 07:15

Հզոր ցիկլոնը կաթվածահար է արել Կամչատկան. չեղարկվել են չվերթները
11 ՆՈՅ 2025 07:15
Կամչատկայի թերակղզին հայտնվել է հզոր ցիկլոնի հարվածի տակ, որը հանգեցրել է լայնածավալ քաոսի և կաթվածահար արել տարածաշրջանի բնականոն կյանքը։ Հայտարարվել է փոթորկի նախազգուշացում, իսկ թերակղզու հարավային շրջաններում կա ձնահյուսի վտանգ։
Տարերքի հետևանքով ճանապարհները վերածվել են սահադաշտի։ Ըստ տեղի բնակիչների՝ քամու ուժգին պոռթկումներն այնքան հզոր են, որ տեղաշարժվում են անգամ կայանված ավտոմեքենաները։ Տապալված ծառերը փակել են Պետրոպավլովսկ-Կամչատսկիի մի շարք փողոցներ, իսկ որոշ հատվածներում առաջացել են ջրհեղեղներ, ինչի հետևանքով ավտոբուսները մնացել են հսկայական ջրափոսերում։
Լուրջ խնդիրներ են առաջացել նաև էլեկտրամատակարարման ոլորտում։ Քամուց ճոճվող էլեկտրալարերը, դիպչելով շենքերի տանիքներին, կայծեր են առաջացնում՝ ստեղծելով հրդեհի վտանգ։ Լենինսկի շրջանի և Ելիզովոյի բնակիչները հայտնել են էլեկտրաէներգիայի և համացանցի անջատումների մասին։
Ստեղծված իրավիճակում դպրոցները չեղարկել են դասերը, իսկ ձեռնարկությունների մեծ մասն աշխատակիցներին տեղափոխել է հեռավար աշխատանքի։
Անբարենպաստ եղանակը կաթվածահար է արել նաև օդանավակայանի աշխատանքը․ նկատվում են չվերթների չեղարկումներ և հետաձգումներ։ Վլադիվոստոկից առավոտյան թռիչք իրականացրած երկու ինքնաթիռ ստիպված է եղել վերադառնալ։ Փողոցներում աշխատում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները և ծանր տեխնիկան, սակայն մաքրման աշխատանքները բարդացնում են ճամփեզրերին կայանված մեքենաները։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել