Հյուսիսային Կորեան ներկայացրել է նոր միջմայրցամաքային հրթիռ
11 ՀՈԿ 2025 09:40

Հյուսիսային Կորեան ներկայացրել է նոր միջմայրցամաքային հրթիռ
11 ՀՈԿ 2025 09:40
Հյուսիսային Կորեան իշխող Աշխատավորական կուսակցության հիմնադրման 80-ամյակի առթիվ կազմակերպված զորահանդեսի ժամանակ ցուցադրել է իր նորագույն և, ինչպես պնդում են, «ամենահզոր» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։ Փհենյանի կենտրոնական հրապարակում տեղի ունեցած շքերթին հետևել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը, որի կողքին նստած էին Չինաստանից, Ռուսաստանից և Վիետնամից ժամանած բարձրաստիճան պատվիրակություններ։
Հոկտեմբերի 10-ի ուշ երեկոյան մեկնարկած զորահանդեսի գլխավոր նորույթը «Հվասոնգ-20» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն էր, որը պետական լրատվամիջոցները որակել են որպես «երկրի ամենահզոր միջուկային ռազմավարական զենքի համակարգ»։ Այս հրթիռը, որը տեղադրված էր 11-առանցքանի հսկայական մեքենայի վրա, ներկայացվել է որպես Հյուսիսային Կորեայի հեռահար միջուկային հնարավորությունների գագաթնակետ։
Փորձագետների կարծիքով, «Հվասոնգ» շարքի հրթիռները տեսականորեն Փհենյանին հնարավորություն են տալիս հարվածել ԱՄՆ-ի ցանկացած կետի, թեև հարցականի տակ են մնում դրանց նշանառության ճշգրտությունն ու մարտագլխիկի՝ մթնոլորտի խիտ շերտեր մտնելուց հետո դիմակայելու կարողությունը։ Ենթադրվում է, որ նոր համակարգը նախատեսված է մի քանի մարտագլխիկ կրելու համար, ինչը կարող է լրացուցիչ ճնշում գործադրել ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգերի վրա։
Զորահանդեսին ներկա էին Չինաստանի վարչապետ Լի Ցյանը, Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությունը և Վիետնամի կոմունիստական կուսակցության ղեկավար Տո Լամը։
Իր ելույթում Կիմ Չեն Ընը կոչ է արել զինված ուժերին շարունակել զարգանալ՝ դառնալով «անպարտելի» կառույց, սակայն ուղղակիորեն չի հիշատակել Վաշինգտոնին կամ Սեուլին։ Նա նաև «ջերմ խրախուսանք» է հղել արտասահմանյան գործողություններում ներգրավված հյուսիսկորեացի զինվորականներին՝ նշելով, որ նրանց հերոսությունը կդրսևորվի ոչ միայն հայրենիքի պաշտպանության, այլև «սոցիալիստական շինարարության առաջադիր դիրքերում»։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել