«Մելիսա» փոթորիկը մոտենում է Ջամայկային
Գրանցվել
Գրանցվել
Ջամայկային է մոտենում 5-րդ կարգի «Մելիսա» փոթորիկը
29 ՀՈԿ 2025 05:54
Ջամայկային է մոտենում 5-րդ կարգի «Մելիսա» փոթորիկը

Ջամայկային է մոտենում 5-րդ կարգի «Մելիսա» փոթորիկը

29 ՀՈԿ 2025 05:54
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) հայտարարել է Ջամայկայում սպասվող աղետալի իրավիճակի մասին, քանի որ կղզուն է մոտենում «Մելիսա» փոթորիկը, որը կարող է դառնալ ամենահզորը վերջին հարյուրամյակի ընթացքում։ Փոթորիկը, որին տրվել է 5-րդ՝ ամենաբարձր կարգ, սպառնում է կղզուն հասցնել աննախադեպ վնասներ՝ իր հետ բերելով ժամում 300 կիլոմետրը գերազանցող քամու պոռթկումներ, հորդառատ անձրևներ և սողանքներ։
«Ջամայկայի համար սա, անկասկած, կլինի դարի փոթորիկը»,-Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՕԿ-ի արևադարձային ցիկլոնների հարցերով մասնագետ Անն-Կլեր Ֆոնտանը։ Նա նշել է, որ սպասվում են մինչև չորս մետր բարձրությամբ փոթորկալի ալիքներ, իսկ տեղումների քանակը կարող է գերազանցել 70 սանտիմետրը, ինչը մոտ երկու անգամ ավելի է, քան անձրևային ամբողջ սեզոնի ընթացքում սպասվող նորման։ «Սա նշանակում է, որ կլինեն աղետալի ջրհեղեղներ և սողանքներ»,-հավելել է նա։
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիան (IFRC) նախազգուշացնում է, որ փոթորկի անմիջական ազդեցության տակ կարող է հայտնվել մինչև 1.5 միլիոն մարդ։ «Այսօր չափազանց դժվար օր է լինելու տասնյակ հազարավոր, եթե ոչ միլիոնավոր մարդկանց համար Ջամայկայում»,-ասել է ֆեդերացիայի ներկայացուցիչ Նեսեֆոր Մգենդին։ «Տանիքները փորձության կենթարկվեն, ջրի մակարդակը կբարձրանա, և մեկուսացումը շատերի համար դառնալու է դաժան իրականություն»։
Իշխանությունները ձեռնարկում են արտակարգ միջոցառումներ՝ հնարավոր վնասները մեղմելու համար։ Ամենավտանգավոր շրջաններից բնակիչներին տարհանելու նպատակով ստեղծվել է ավելի քան 800 ապաստարան։ «Գլխավոր առաջնահերթությունը մարդկանց վտանգավոր գոտուց դուրս բերելն է՝ զոհերի թիվը նվազեցնելու համար»,- նշել են պաշտոնյաները։ Ջամայկայի վարչապետ Էնդրյու Հոլնեսը նույնպես նախազգուշացրել է հնարավոր զանգվածային ավերածությունների մասին՝ ընդգծելով, որ տարածաշրջանում ոչ մի ենթակառուցվածք ի վիճակի չէ դիմակայել նման հզորության փոթորկի։ Փորձագետները նշում են, որ փոթորկի դանդաղ շարժվելու հանգամանքը՝ մոտ 5 կմ/ժամ, էլ ավելի է մեծացնում ռիսկերը՝ երկարացնելով կործանարար քամիների և անձրևների ազդեցությունը կղզու վրա։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել