5-րդ կարգի «Մելիսա» փոթորիկը հարվածում է Ջամայկային
28 ՀՈԿ 2025 06:00

5-րդ կարգի «Մելիսա» փոթորիկը հարվածում է Ջամայկային
28 ՀՈԿ 2025 06:00
«Մելիսա» փոթորիկը, որին ԱՄՆ Փոթորիկների ազգային կենտրոնը (NHC) տվել է ամենաբարձր՝ 5-րդ կարգ, սկսել է հարվածներ հասցնել Ջամայկային։ Քամու կայուն արագությունը հասնում է 265 կմ/ժ-ի, ինչն այս փոթորիկը դարձնում է Կարիբյան ավազանի կղզուն հարվածած ամենահզոր փոթորիկը պատմության մեջ։ 
Փոթորկի դանդաղ շարժը, ընդամենը 5 կմ/ժ արագությամբ, պայմանավորված է Կարիբյան ծովի անսովոր տաք ջրերով, ինչը նպաստել է նրա հզորացմանը և չափերի մեծացմանը։ NHC-ի կանխատեսումների համաձայն՝ սա Ջամայկային սպառնում է աննախադեպ աղետալի քամիներով և մինչև 90 սմ տեղումներով, որոնք կարող են տևել մի քանի օր։ Սպասվում է, որ սա կհանգեցնի ենթակառուցվածքների լայնածավալ վնասների, էլեկտրաէներգիայի և կապի երկարատև անջատումների, ինչպես նաև առանձին համայնքների մեկուսացման։ 
Երկուշաբթի օրվա կեսօրին «Մելիսան» դեռ գտնվում էր Ջամայկայի մայրաքաղաք Քինգսթոնից 230 կմ հարավ-արևմուտք։ Փոթորկի հնարավոր հետագծում են նաև Կուբան, Բահամյան կղզիների արևելյան մասը և Թերքս և Քայքոս կղզիները։ ԱՄՆ արևելյան ափին փոթորիկը, ամենայն հավանականությամբ, կբերի միայն ուժեղ ալիքներ և աննշան առափնյա ջրհեղեղներ։
Հարևան Հաիթիում և Դոմինիկյան Հանրապետությունում հորդառատ անձրևների հետևանքով արդեն իսկ զոհվել է առնվազն չորս մարդ։ Ջամայկայի բնակիչները խուճապի մեջ են, քանի որ շատ համայնքներ արդեն կտրված են արտաքին աշխարհից անանցանելի ճանապարհների պատճառով։ «Մենք վախեցած ենք։ Երբեք այսպիսի բազմօրյա փորձություն չենք տեսել»,– ասել է տեղի ուսուցիչներից մեկը։ 
Ջամայկայի օդերևութաբանական ծառայության ներկայացուցիչ Էվան Թոմփսոնի խոսքով՝ թեև Ջամայկան նախկինում էլ բախվել է խոշոր փոթորիկների, ինչպիսին էր 1988 թվականի 4-րդ կարգի «Գիլբերտը», սակայն 5-րդ կարգի փոթորկի ուղիղ հարվածը կլինի աննախադեպ։ 5-րդ կարգը Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի ամենաբարձր մակարդակն է, որի դեպքում քամու կայուն արագությունը գերազանցում է 250 կմ/ժ-ը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել