Հռոմի պապը Թուրքիայում. միասնության կոչ
Հռոմի պապը Թուրքիայում է՝ քրիստոնեական միասնության կոչով
27 ՆՈՅ 2025 09:35
Հռոմի պապը Թուրքիայում է՝ քրիստոնեական միասնության կոչով

Հռոմի պապը Թուրքիայում է՝ քրիստոնեական միասնության կոչով

27 ՆՈՅ 2025 09:35
Կաթոլիկ աշխարհի առաջնորդ Լևոն 14-րդ պապը նոյեմբերի 27-ին սկսում է իր պապության ընթացքում առաջին արտասահմանյան ուղևորությունը։ Որպես առաջին կանգառ ընտրվել է Թուրքիան, որտեղ Հռոմի պապը նախատեսում է հանդիպել երկրի նախագահ Էրդողանի հետ և հանդես գալ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու կոչով։ Կաթոլիկ եկեղեցու հովվապետը, հետևելով իր նախորդի՝ Ֆրանցիսկոս պապի օրինակին, ջանքեր է գործադրելու երկար ժամանակ պառակտված քրիստոնեական եկեղեցիների միասնության համար՝ միաժամանակ նշանավորելով ուղղափառ աշխարհի համար կարևորագույն տարելիցներից մեկը։
Աշխարհի առաջին ամերիկացի պապի այցը մեկնարկում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից, որտեղ նա, ըստ նախատեսվածի, պետք է ժամանի կեսօրից անմիջապես հետո։ Այստեղ նախատեսված են հանդիպումներ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և դիվանագիտական կորպուսի հետ։ Պապը նաև իր հարգանքի տուրքը կմատուցի ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանում, որը համարվում է աշխարհիկ հանրապետության խորհրդանիշը։
Լևոն 14-րդի այցը տեղի է ունենում տարածաշրջանային սուր լարվածության ֆոնին։ Գտնվելով հակամարտություններով լի Մերձավոր Արևելքի հարևանությամբ՝ Պապը ստիպված է լինելու նրբանկատորեն մոտենալ քաղաքական հարցերին։ Նա կանգնած է բարդ խնդրի առջև՝ ինչպես անդրադառնալ մարդու իրավունքների զգայուն թեմաներին, Էրդողանի ընդդիմախոսների ձերբակալություններին կամ Թուրքիայի քրիստոնյաների կարգավիճակին, որոնք շարունակում են պայքարել անհավասարության և մեկուսացման դեմ։ Հարկ է նշել, որ 86 միլիոն բնակչություն ունեցող Թուրքիայում, որի մեծամասնությունը սուննի մուսուլմաններ են, քրիստոնյաները կազմում են ընդամենը 0,1 տոկոսը։
Չնայած կրոնական ազգայնականության աճին և 2020 թվականին Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի վերածելու փաստին, Վատիկանը ձգտում է պահպանել երկխոսությունը Անկարայի հետ՝ դիտարկելով վերջինիս որպես տարածաշրջանային խաղաղության ջանքերի առանցքային դերակատար։ Սուրբ Աթոռը նաև գնահատում է Թուրքիայի ջանքերը՝ ավելի քան 2,5 միլիոն փախստականների (հիմնականում՝ սիրիացի) ընդունելու գործում։ Փախստականների և միգրանտների թեմայով Սրբազան քահայանապետը շարունակում է իր նախորդի գիծը՝ քննադատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության կողմից միգրանտների նկատմամբ դրսևորվող վերաբերմունքը և որակելով այն «ծայրահեղ անհարգալից»։
Այնուամենայնիվ, Թուրքիա այցելելու գլխավոր շարժառիթը կրոնական է և պատմական։ Այցը նվիրված է Նիկիայի տիեզերական ժողովի 1700-ամյակին, որը քրիստոնեության առաջին տիեզերական ժողովն էր։ Լևոն 14-րդ պապը կուղևորվի երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Իզնիկ (պատմական Նիկիա), որտեղ 325 թվականին տեղի է ունեցել այդ պատմական հավաքը։ Այնտեղ նա կաղոթի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի՝ ուղղափառ քրիստոնյաների հոգևոր առաջնորդի հետ և կստորագրի համատեղ հռչակագիր՝ որպես քրիստոնեական միասնության տեսանելի նշան։
Նոր քահնայապետը ցուցադրում է մեդիայի հետ աշխատելու նոր մոտեցումներ։ Առաջին արտասահմանյան քայլերը լուսաբանելու համար պապական օդանավով նրան ուղեկցում են ավելի քան 80 լրագրողներ։
Լևոն 14-րդը դառնում է հինգերորդ պապը, որն այցելում է Թուրքիա՝ Պողոս VI-ից (1967թ.), Հովհաննես Պողոս II-ից (1979թ.), Բենեդիկտոս XVI-ից (2006թ.) և Ֆրանցիսկոսից (2014թ.) հետո։
Թուրքիայից հետո՝ կիրակի օրը, Պապը կուղևորվի Լիբանան։ Կրոնական բազմազանությամբ աչքի ընկնող այս երկիրը 2019 թվականից ի վեր ճզմված է ավերիչ տնտեսական և քաղաքական ճգնաժամի ծանրության տակ և վերջին օրերին, չնայած հրադադարին, շարունակում է ենթարկվել Իսրայելի կողմից կրկնվող ռմբակոծությունների։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար