«Ռագասա» թայֆունից հետո Հոնկոնգը վերադառնում է բնականոն կյանքի
25 ՍԵՊ 2025 06:19

«Ռագասա» թայֆունից հետո Հոնկոնգը վերադառնում է բնականոն կյանքի
25 ՍԵՊ 2025 06:19
Աշխարհի ամենահզոր արևադարձային ցիկլոնի՝ «Ռագասա» թայֆունի հարվածից հետո Հոնկոնգը սկսել է վերադառնալ բնականոն կյանքի։ 36-ժամյա դադարից հետո, սեպտեմբերի 25-ին վերսկսվել են թռիչքները միջազգային օդանավակայանից, աշխատանքի են անցել բիզնես կենտրոնները, վերականգնվել է տրանսպորտային ծառայությունների մեծ մասը, և մասամբ բացվել են դպրոցները։
«Ռագասա»-ն, որն այս տարվա ամենահզոր թայֆունն է, քաղաքը կաթվածահար էր արել սեպտեմբերի 23-ի կեսօրից։ Մինչ Հոնկոնգ հասնելը, այն անցել էր Ֆիլիպինների հյուսիսով և Թայվանով, որտեղ ընդհանուր առմամբ 14 մարդու կյանք էր խլել, իսկ սեպտեմբերի 24-ին հասել էր Չինաստանի հարավային Յանցզյան քաղաքին։
Ֆինանսական կենտրոնում ավելի քան 100 մարդ է տուժել։ Իշխանություններն այդ օրվա մեծ մասի համար հայտարարել էին վտանգի ամենաբարձր՝ 10-րդ մակարդակ։ Սեպտեմբերի 25-ին վտանգի մակարդակն իջեցվել է մինչև 3-րդ աստիճանի, սակայն մանկապարտեզներն ու որոշ դպրոցներ դեռևս փակ են մնացել, քանի որ «Ռագասա»-ն, թուլանալով և վերածվելով արևադարձային փոթորկի, շարունակում էր հեռանալ քաղաքից։
Չորեքշաբթի օրը հսկայական ալիքները հարվածել են Հոնկոնգի արևելյան և հարավային ափերին՝ առաջացնելով լայնածավալ ջրհեղեղներ։ Ջրի հոսքերը ներխուժել են կղզու հարավում գտնվող «Ֆուլերթոն» հյուրանոց՝ փշրելով ապակե դռները և հեղեղելով նախասրահը։
Հոնկոնգի օդանավակայանի վարչությունը հայտնել է, որ ավիաընկերությունները հինգշաբթի առավոտյան ժամը 6-ից սկսել են աստիճանաբար վերսկսել թռիչքները՝ գործարկելով միաժամանակ բոլոր երեք թռիչքուղիները։ Նրանք ակնկալում են, որ առաջիկա երկու օրվա ընթացքում օդանավակայանը ծանրաբեռնված կլինի՝ սպասարկելով օրական ավելի քան 1000 չվերթ։
Իշխանությունները հայտարարել են, որ շտապ վերանորոգում են փլուզված ճանապարհները, փորձում են մաքրել ավելի քան 1000 տապալված ծառ և արձագանքել ջրհեղեղի շուրջ 85 դեպքի։ Փոթորկից առաջ իշխանությունները ցածրադիր վայրերի բնակիչներին ավազով պարկեր էին բաժանել՝ տները պաշտպանելու համար, իսկ շատերը կուտակել էին առաջին անհրաժեշտության ապրանքներ, ինչի հետևանքով սուպերմարկետների դարակները դատարկվել էին, իսկ թարմ բանջարեղենի գները՝ կտրուկ աճել։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել