Հնդկաստանին ռուսական նավթից բացի այլընտրանք չի՞ մնում
2 ՍԵՊ 2025 09:27

Հնդկաստանին ռուսական նավթից բացի այլընտրանք չի՞ մնում
2 ՍԵՊ 2025 09:27
Սաուդյան Արաբիայի Aramco-ն և Իրաքի SOMO-ն դադարեցրել են հում նավթի մատակարարումները Հնդկաստանի Nayara Energy նավթավերամշակման գործարանին՝ ԵՄ-ի կողմից հուլիսին Ռուսաստանի հետ կապերի պատճառով սահմանված պատժամիջոցներից հետո: Nayara-ն, որի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանում է ռուսական ընկերություններին, ներառյալ «Ռոսնեֆտ»-ին, օգոստոսին ամբողջությամբ կախված էր Ռուսաստանից ստացվող մատակարարումներից՝ ըստ LSEG-ի տվյալների և աղբյուրների:
Nayara-ն ամսական ստանում էր մոտ 2 միլիոն բարել իրաքյան նավթ և 1 միլիոն բարել սաուդյան նավթ, սակայն օգոստոսին այդ երկրներից մատակարարումներ չեն եղել՝ ցույց են տալիս Kpler-ի և LSEG-ի տվյալները: SOMO-ի կողմից Basra նավթի վերջին խմբաքանակը բեռնաթափվել է հուլիսի 29-ին Վադինար նավահանգստում, Kalliopi տանկերով, իսկ սաուդյան վերջին մատակարարումը՝ 1 միլիոն բարել Arab Light, եղել է հուլիսի 18-ին՝ Georgios տանկերով:
Աղբյուրները նշել են, որ պատժամիջոցները խնդիրներ են առաջացրել SOMO-ի նավթի դիմաց վճարումների հետ կապված: Հնդկական ընկերությունը, որը վերահսկում է երկրի վերամշակման հզորությունների 8%-ը (5,2 միլիոն բարել օրական), Վադինարի նավթավերամշակման գործարանում աշխատանքը նվազեցրել է մինչև 70–80%՝ պատժամիջոցների հետևանքով առաջացած վաճառքի դժվարությունների պատճառով: Ընկերությունը անցել է «ստվերային նավատորմի» օգտագործմանը՝ վառելիքի տեղափոխման համար, քանի որ այլ փոխադրողներ հրաժարվել են համագործակցությունից:
Հիշեցնենք, որ Նյու Դելիում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչը նախորդ ամիս հաստատել է, որ Nayara-ն նավթ է ստանում անմիջապես «Ռոսնեֆտ»-ից:
Օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով սահմանվել են 25% լրացուցիչ մաքսատուրքեր Հնդկաստանից ներմուծվող ապրանքների վրա: Պատճառը Հնդկաստանի կառավարության կողմից Ռուսաստանից նավթի ուղղակի և անուղղակի ներմուծումն է, ինչպես նաև այդ գնումների զգալի մասի վերավաճառքը բաց շուկայում:
Մաքսատուրքերը ազդել են հնդկական մի շարք ապրանքների վրա, ներառյալ հագուստը, տեքստիլը, թանկարժեք քարերը, կոշիկները և կահույքը: ԱՄՆ-ն նաև կոչ է արել եվրոպական երկրներին միանալ իրեն և համատեղ ճնշումներ սկսել Հնդկաստանի նկատմամբ, որը, հիշեցնենք, համարվում էր Ասիայում ԱՄՆ մերձավոր դաշնակիցներից մեկը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել