Կառավարությունը կսուբսիդավորի նոր չվերթներ բացող ավիաընկերություններին
28 ՀՈԿ 2025 09:40

Կառավարությունը կսուբսիդավորի նոր չվերթներ բացող ավիաընկերություններին
28 ՀՈԿ 2025 09:40
Հայաստանի կառավարությունը 2026 թվականի պետական բյուջեով նախատեսում է ֆինանսական աջակցություն տրամադրել այն ավիաընկերություններին, որոնք նոր ուղղություններով թռիչքներ կիրականացնեն դեպի Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայաններ։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նախարարի ներկայացմամբ, ավիացիայի բնագավառի համար 2026 թվականի պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 3.6 միլիարդ դրամ։ «Այս տարի առաջին անգամ պետական բյուջեի շրջանակում նախատեսվում է պետական աջակցություն այն ավիաընկերություններին, որոնք կփոխադրեն ուղևորներին նոր ուղղություններից դեպի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ», - ասել է նա։
Այս նպատակի համար նախատեսված է շուրջ 3 միլիարդ դրամ՝ սուբսիդավորում իրականացնելու համար։ «Այն ավիաընկերությունները, որոնք պատրաստակամություն կհայտնեն բազավորվել Երևանի «Զվարթնոց» կամ Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններում և նոր ուղղություններից ուղևորափոխադրում կիրականացնեն դեպի Երևանի «Զվարթնոց» կամ Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններ՝ պայմանով, որ առնվազն 1 նոր ուղղություն պարտադիր պետք է ունենան Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից, ապա 2 տարեկանից բարձր տարիքի ուղևորների տեղափոխումը դեպի Երևանի «Զվարթնոց» օդանավակայան կսուբսիդավորվի 20 հազար դրամ և դեպի Գյումրիի «Շիրակ» օդանավակայան՝ 15 հազար դրամ»,- մանրամասնել է Խուդաթյանը։
Նախարարը շեշտել է, որ ծրագիրը բաց է բոլոր այն ավիաընկերությունների համար, որոնք կհամապատասխանեն սահմանված պայմաններին։ Որպես դրական օրինակ՝ նշել է, որ միջազգային հայտնի Wizz Air ավիաընկերությունն արդեն իսկ բազավորվել է «Զվարթնոց» օդանավակայանում, ինչը վկայում է Հայաստանի ավիացիոն շուկայի գրավչության մասին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել