ՀՀ ԱԺ պատվիրակությունը Վրաստանում. Համագործակցություն
Գրանցվել
Գրանցվել
ՀՀ ԱԺ պատվիրակությունն այցելել է Վրաստան
29 ՀՈԿ 2025 11:26
ՀՀ ԱԺ պատվիրակությունն այցելել է Վրաստան

ՀՀ ԱԺ պատվիրակությունն այցելել է Վրաստան

29 ՀՈԿ 2025 11:26
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 27-29-ն այցելել է Վրաստան:
Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Դանիելյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Նարեկ Բաբայանը, Ջուլիետա Ազարյանն ու ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հրաչյա Հակոբյանը:
ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկու, խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի, խորհրդարանի սփյուռքի հանձնաժողովի նախագահ Իրակլի Զարկուայի ու Վրաստանի կրթության, գիտության եւ երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության, կրթության, գիտության, երիտասարդության, մշակութային, սփյուռքի ոլորտներին առնչվող հարցեր, «Ակադեմիական քաղաք» մեծ նախագծի շրջանակում Վրաստանի հետ հնարավոր համագործակցության, ինչպես նաեւ ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջին զարգացումների վերաբերյալ հարցեր:
Հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ու Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի համատեղ նիստը հանձնաժողովների նախագահներ Սիսակ Գաբրիելյանի եւ Մարիամ Լաշխիի համանախագահությամբ: Քննարկվել են կրթության, գիտության եւ երիտասարդական քաղաքականության բնագավառներում համագործակցության զարգացման, համատեղ ծրագրեր իրականացնելու նոր հնարավորությունների վերաբերյալ հարցեր:
Պատվիրակության անդամներն այցելել են Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն, որը ամբողջությամբ վերակառուցվել է «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի «Քարթու» հիմնադրամի միջոցներով: Թատրոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա մոտ ապագայում:
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է նաեւ «Ազգային ուսուցիչ» մրցանակաբաշխությանը:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել