Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի խաղերը մոտ մեկ ամիս
28 ՀՈԿ 2025 07:37

Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի խաղերը մոտ մեկ ամիս
28 ՀՈԿ 2025 07:37
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մկանային վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել մոտ մեկ ամսով։ Սա լուրջ հարված է գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուի համար՝ հաշվի առնելով առաջիկա խաղերի խիտ և լարված գրաֆիկը։
Ինչպես հայտնում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը, 36-ամյա հայ ֆուտբոլիստը բուժզննում է անցել Ռոցանոյի Humanitas ինստիտուտում։ Արդյունքում նրա մոտ ախտորոշվել է ձախ ազդրի կիսաջլային մկանի վնասվածք։ Նշվում է, որ ֆուտբոլիստի վիճակը կվերագնահատվի հաջորդ շաբաթ, սակայն վերականգնման համար, նախնական կանխատեսումներով, կպահանջվի մոտ չորս շաբաթ։
Մխիթարյանը վնասվածքը ստացել է Ա Սերիայի 8-րդ տուրի՝ «Նապոլիի» դեմ խաղում, որտեղ «Ինտերը» պարտություն կրեց 1:3 հաշվով։ Փորձառու կիսապաշտպանի կորուստը զգալի կլինի թիմի համար, քանի որ նա այս մրցաշրջանում մեկնարկային կազմում է եղել առաջնության հանդիպումների 75%-ում։
Նախնական տվյալներով, այս ընթացքում Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի ընդհանուր առմամբ յոթ կարևոր հանդիպում։ Նրա բացակայությունը հատկապես զգալի կլինի Իտալիայի առաջնության առաջիկա հինգ խաղերում՝ «Ֆիորենտինայի», «Վերոնայի», «Լացիոյի», «Պիզայի» և քաղաքային մրցակից «Միլանի» դեմ սկզբունքային դերբիում։
Բացի այդ, հայ ֆուտբոլիստը չի կարողանա օգնել իր թիմին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկու կարևորագույն հանդիպումներում՝ ղազախական «Կայրաթի» և Մադրիդի «Ատլետիկոյի» հետ մրցամարտերում։
Սպասվում է, որ Հենրիխ Մխիթարյանի վերադարձը խաղադաշտ տեղի կունենա նոյեմբերի վերջին։ Եթե վերականգնողական փուլն ընթանա առանց բարդությունների, նա, ամենայն հավանականությամբ, կկարողանա մասնակցել նոյեմբերի 30-ին կայանալիք՝ «Պիզայի» դեմ հանդիպմանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել