Վերջ շրջազգեստով տղաներին, բարի գալուստ Պատերազմի նախարարություն․ Փիթ Հեգսեթ
30 ՍԵՊ 2025 13:53

Վերջ շրջազգեստով տղաներին, բարի գալուստ Պատերազմի նախարարություն․ Փիթ Հեգսեթ
30 ՍԵՊ 2025 13:53
Պենտագոնում տեղի է ունեցել բարձրաստիճան գեներալների արտակարգ խորհրդակցություն, որն իր ձևաչափով և մասնակիցների քանակով աննախադեպ էր ամերիկյան զինված ուժերի պատմության մեջ։ Հանդիպմանը ծրագրային ելույթով հանդես է եկել Պաշտպանության նախարարության ղեկավար Փիթ Հեգսեթը՝ հայտարարելով ԱՄՆ ռազմական քաղաքականության արմատական փոփոխության և գերատեսչության գործունեության հիմնարար վերաիմաստավորման մասին։ Նրա ելույթը ազդարարեց «Պաշտպանության նախարարության» դարաշրջանի ավարտը և «Պատերազմի նախարարության» վերածնունդը՝ միակ նպատակով՝ նախապատրաստվել և հաղթել պատերազմներում։
Իր ելույթի սկզբում Հեգսեթը վերահաստատել է, որ ԱՄՆ բանակը «մոլորակի ամենաուժեղ, ամենամահաբեր և ամենամարտունակ բանակն է»։ Սակայն, ըստ նրա, վերջին տարիներին գերատեսչությունը շեղվել է իր հիմնական առաքելությունից՝ տարվելով երկրորդական և բանակի մարտունակությունը խաթարող գործառույթներով։ Այդ իսկ պատճառով, նա հայտարարեց կառույցի վերանվանման և վերակազմավորման մասին։
«Բարի գալուստ Պատերազմի նախարարություն, որովհետև Պաշտպանության նախարարության դարաշրջանն ավարտվեց», - հայտարարել է Հեգսեթը։ Նա ընդգծել է, որ այս փոփոխությունը զուտ անվանական չէ, այլ արտացոլում է գործունեության փիլիսոփայության լիակատար փոփոխություն։ «Այսուհետ վերականգնված Պատերազմի նախարարության միակ առաքելությունը պատերազմ վարելն է: Նախապատրաստվել պատերազմին և նախապատրաստվել հաղթանակի»,- շեշտել է նա՝ հստակեցնելով, որ ցանկացած այլ գործունեություն, որը չի ծառայում այս նպատակին, վերացվելու է։
Հեգսեթի ելույթի ամենասուր և ուշագրավ մասը վերաբերում էր բանակում ներդրված սոցիալական և մշակութային քաղաքականությանը, որոնք նա որակեց որպես «աղբ» և «անհեթեթություն»։ Նա խոստացավ վերջ դնել բոլոր այն երևույթներին, որոնք, իր կարծիքով, շեղում են զինվորականներին իրենց ուղիղ պարտականություններից։
«Վերջ շրջազգեստներով տղաներին։ Վերջ կլիմայի փոփոխության պաշտամունքին, վերջ գենդերային պատրանքներին։ Մենք վերջ ենք դնում այս անհեթեթությանը», - կտրուկ հայտարարել է Պենտագոնի ղեկավարը։ Նա հավելել է, որ այլևս չեն լինելու «ինքնորոշման ամիսներ», DEI (բազմազանության, հավասարության և ներառականության) գրասենյակներ, «պառակտումներ, շեղումներ կամ գենդերային մոլորություններ»։ Հեգսեթը հասկացրեց, որ տրանսգենդերներն այլևս չեն ծառայելու բանակում, և վերջ կդրվի բոլոր այն նախաձեռնություններին, որոնք կապված չեն բանակի մարտունակության բարձրացման հետ։
Նոր ռազմական դոկտրինի հիմքում դրված է «ուժի միջոցով խաղաղության» սկզբունքը։ Հեգսեթը պացիֆիզմը որակեց որպես «միամիտ և վտանգավոր» գաղափարախոսություն՝ պնդելով, որ ԱՄՆ-ը պետք է պատրաստ լինի պատերազմի՝ «խաղաղությունը պաշտպանելու» համար։ Այս թեզը զարգացրեց նաև ԱՄՆ ԶՈՒ Շտաբերի պետերի կոմիտեի նախագահ Դեն Քեյնը։ «Խաղաղությունը պահպանելու համար պետք է պատրաստվել պատերազմի», - ընդգծել է նա՝ լիովին պաշտպանելով Հեգսեթի կողմից որդեգրված կուրսը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել