Հայաստանը և Օմանը ցանկանում են միանալ Իրաքի «Զարգացման ճանապարհ» նախագծին
18 ՀՈԿ 2025 09:30

Հայաստանը և Օմանը ցանկանում են միանալ Իրաքի «Զարգացման ճանապարհ» նախագծին
18 ՀՈԿ 2025 09:30
Իրաքի վարչապետի տրանսպորտի հարցերով խորհրդական Նասեր Ալ-Ասադին հայտարարել է, որ Օմանը և Հայաստանը պաշտոնական հայտ են ներկայացրել՝ միանալու «Զարգացման ճանապարհ» տնտեսական նախագծին։ Այդ մասին գրում են իրաքյան աղբյուրները։ Նասեր Ալ-Ասադիի խոսքով՝ նախագիծը վայելում է լայն միջազգային հետաքրքրություն։ Ալ-Ասադին նշել է, որ նախագծի հիմնական գործընկերները Իրաքի հարևան երկրներն են, սակայն ակնկալվում է նաև տարածաշրջանից դուրս գտնվող պետությունների անդամակցություն։ Նա ընդգծել է, որ Քաթարը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Թուրքիան արդեն իսկ իրենց աջակցությունն են հայտնել այս նախաձեռնությանը։
«Օմանի սուլթանությունը պաշտոնապես միանալու հայտ է ներկայացրել, և մենք հուսով ենք, որ Սաուդյան Արաբիան և այլ երկրներ կհետևեն նրա օրինակին», - ասել է խորհրդականը։
Նա նաև հավելել է, որ Իրաքում Հայաստանի դեսպանը մեծ ցանկություն է հայտնել, որ իր երկիրը դառնա նախագծի մաս՝ հայկական արդյունաբերության համար ազատ գոտի ստեղծելու և Իրաքի ու տարածաշրջանի հետ առևտրաշրջանառությունն ընդլայնելու միջոցով։
Ալ-Ասադիի խոսքով՝ նախագծի շուրջ քննարկումներ են եղել նաև Իտալիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Բելգիայի և Եվրամիության ներկայացուցիչների հետ։ ԵՄ դեսպանը հաստատել է, որ միության բոլոր երկրները հետաքրքրված են «Զարգացման ճանապարհով»։
«Այս նախագիծն այլևս զուտ իրաքյան չէ, այն դարձել է միջազգային, որի միջոցով մենք ձգտում ենք հասնել լայն տնտեսական զարգացման՝ ի շահ Իրաքի և ողջ տարածաշրջանի», - եզրափակել է պաշտոնյան։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել