Հայաստանը՝ ամենաաշխատասեր երկրներից. Visual Capitalist
Գրանցվել
Գրանցվել
Հայաստանը տարածաշրջանի ամենաաշխատասեր երկրներից է. Visual Capitalist
12 ՆՈՅ 2025 11:11
Հայաստանը տարածաշրջանի ամենաաշխատասեր երկրներից է. Visual Capitalist

Հայաստանը տարածաշրջանի ամենաաշխատասեր երկրներից է. Visual Capitalist

12 ՆՈՅ 2025 11:11
Visual Capitalist վերլուծական պորտալի կողմից իրականացված նոր ուսումնասիրությունը, որն ընդգրկում է 187 երկիր, հետաքրքիր պատկեր է ներկայացնում աշխարհում և մեր տարածաշրջանում աշխատանքային ժամերի վերաբերյալ։ Ըստ 2025 թվականի տվյալների՝ Հայաստանը 187 երկրների շարքում զբաղեցրել է 107-րդ տեղը՝ շաբաթական միջին 38 աշխատանքային ժամ ցուցանիշով։ Այս ցուցանիշը Հայաստանին դասում է տարածաշրջանի ամենաաշխատասեր երկրների շարքին՝ զգալիորեն գերազանցելով անմիջական հարևաններին։
Համեմատության համար նշենք, որ Վրաստանը զբաղեցնում է 119-րդ տեղը (37,1 ժամ), իսկ Ադրբեջանը՝ 147-րդ տեղը (34,4 ժամ), որը ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում ամենացածր ցուցանիշներից մեկն է։ Հայաստանի ցուցանիշները մոտ են Ռուսաստանի (38,2 ժամ) և Ղազախստանի (38 ժամ) տվյալներին։ Տարածաշրջանի մյուս երկրներից Թուրքիան (43,8 ժամ) և Իրանը (43,2 ժամ) աշխատանքային շաբաթվա տևողությամբ զգալիորեն առաջ են անցնում Հայաստանից՝ զբաղեցնելով համապատասխանաբար 33-րդ և 38-րդ հորիզոնականները։
Հետաքրքրական է նաև համաշխարհային պատկերը։ Ուսումնասիրության համաձայն՝ աշխարհի ամենաաշխատասեր երկիրը Բութանն է, որտեղ մարդիկ աշխատում են շաբաթական միջինը 54,5 ժամ։ Նրան հաջորդում են Սուդանը (50,8 ժամ) և Լեսոտոն (50,2 ժամ)։
Աղյուսակի հակառակ բևեռում են հիմնականում Արևմտյան և Հյուսիսային Եվրոպայի երկրները, որտեղ աշխատանք-անձնական կյանք հավասարակշռությանը մեծ կարևորություն է տրվում։ Օրինակ՝ Նիդեռլանդներում միջին աշխատանքային շաբաթը տևում է ընդամենը 26,8 ժամ, Նորվեգիայում՝ 27,1, իսկ Դանիայում՝ 28,8 ժամ։ Վարկանիշային աղյուսակը եզրափակում է Եմենը, որտեղ գրանցվել է ամենացածր ցուցանիշը՝ շաբաթական 25,9 ժամ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել