Հայաստանը դարձավ Մշտական արբիտրաժային դատարանի 125-րդ անդամը․ լուսանկարներ
19 ՍԵՊ 2025 05:22

Հայաստանը դարձավ Մշտական արբիտրաժային դատարանի 125-րդ անդամը․ լուսանկարներ
19 ՍԵՊ 2025 05:22
Սեպտեմբերի 18-ին Հաագայում, «Խաղաղության պալատում», տեղի է ունեցել Մշտական արբիտրաժային դատարանին ՀՀ անդամակցությանը նվիրված միջոցառում։ Այդ մասին հայտնում են արտգործնախարարությունից։
Միջոցառանը ներկա են գտնվել ՄՔԴ նախագահը, Նիդերլանդների արքունական, ԱԳՆ, Քիմիական զենքի արգելման կազմակերպության, Քարնեգի հիմնադրամի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հաագայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ։

Միանալով 1899 թ. և 1907 թ. Հաագայում կնքված Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին կոնվենցիաներին՝ Հայաստանի Հանրապետությունը դարձավ Մշտական արբիտրաժային դատարանին անդամակցող 125-րդ երկիրը: Միջոցառմանը ելույթով հանդես են եկել նախարար Միրզոյանը, Դատարանի գլխավոր քարտուղարը, Դատարանի վարչական խորհրդի նախագահի պաշտոնակատար, Նիդերլանդներում Սլովակիայի դեսպանը։
Մշտական արբիտրաժային դատարանի գլխավոր քարտուղար Մարչին Չեպելակն իր խոսքում նշել է, որ Հայաստանի անդամակցությունը Դատարանին լիովին համահունչ է հավակնոտ քաղաքական տեսլականին, որը ժամանակակից փոխկապակցված գլոբալ տնտեսության պայմաններում առանձնակի կարևորություն է տալիս ներդրումային վեճերի կարգավորման արդյունավետ մեխանիզմներին, ինչպես նաև ազգային զարգացման նպատակների առաջմղմանը։

Դատարանի վարչական խորհրդի նախագահի պաշտոնակատար Յուրայ Պոդբորսկին նշել է, որ Հայաստանի կողմից Դատարանի հիմնադիր կոնվենցիաների վավերացումը հստակորեն ցույց է տալիս, թե որքան կարևոր են բազակողմ քաղաքականությունը և վեճերի խաղաղ կարգավորումը Հայաստանի համար։
«Որպես Դատարանին նոր անդամակցած պետություն՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Դատարանի առաքելությանը, որն ուղղված է իրավունքի գերակայության ամրապնդմանը և միջազգային համագործակցության խթանմանը. արժեքներ, որոնք խորապես արմատավորված են Հայաստանի իրավական հանձնառություններում և միջազգային ձգտումներում,- իր խոսքում նշել է Արարատ Միրզոյանը։


Հայաստանը Մշտական արբիտրաժային դատարանի կոնվենցիաներին միանալը դիտարկում է իր ավելի լայն տեսլականի շրջանակներում՝ ուղղված միջազգային իրավունքի հիմքի վրա կառուցված համաշխարհային կարգի ամրապնդմանը և միջազգային հարաբերություններում արդարադատության պատշաճ տեղի ապահովմանը։ Մենք վստահ ենք, որ միջազգային իրավական զարգացումներին մեր ներգրավվածությունը խորացնելու միջոցով մենք ամրապնդում ենք միջազգային իրավական համակարգին արդյունավետորեն նպաստելու մեր կարողությունը։ Այդ նույն ընկալմամբ անցյալ տարի Հայաստանի Հանրապետությունը միացավ Հռոմի կանոնադրությանը՝ դառնալով 124-րդ ստորագրող երկիրը»։ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը նաև պատմական պատճառներ ու ազգային փորձ ունի Դատարանին միանալու որոշում ընդունելու համար․
«Մենք թերևս շատերից ավելի լավ գիտենք վեճերի լուծման անաչառ մեխանիզմների կարևորությունը, որտեղ իրավունքը գերակայում է ուժին, իսկ երկխոսությունը՝ հարկադրանքին: Հենց այս ոգով է Հայաստանը դիտարկում Մշտական արբիտրաժային դատարանը որպես կամուրջ դեպի ավելի արդար և խաղաղ ապագա»:

Միջոցառմանը տեղի ունեցել է Դատարանի վարչական խորհրդում ՀՀ ազգային աթոռի բացման արարողություն։ Այդպիսի ազգային աթոռի իրավունքն ունի Մշտական արբիտրաժային դատարանի յուրաքանչյուր պայմանավորվող կողմ: Աթոռներից յուրաքանչյուրը, շնորհիվ յուրահատուկ փայտամշակման, վարպետության, նրբագեղ գործվածքների օգտագործման և հատուկ ասեղնագործության, արվեստի եզակի նմուշ է:
Այս աթոռներից յուրաքանչյուրը կրում է Դատարանի անդամ պետության զինանշանը՝ խորհրդանշելով պետության ինքնիշխանությունը և այն պետությունների կենտրոնական դերը, որոնք հիմնել և կառավարում են դատարանը:


Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել