Հայաստանում կներդրվի ծանուցումների միասնական էլեկտրոնային համակարգ
11 ՆՈՅ 2025 08:06

Հայաստանում կներդրվի ծանուցումների միասնական էլեկտրոնային համակարգ
11 ՆՈՅ 2025 08:06
Հայաստանում առաջարկվում է ներդնել ծանուցումների միասնական էլեկտրոնային համակարգ, որը թույլ կտա սահմանել հստակ ընթացակարգ, թե երբ է անձը համարվում պատշաճ ծանուցված։ Նախագիծը, որը նպատակ ունի արդիականացնել և արդյունավետ դարձնել գործող մեխանիզմները, Ազգային ժողովի նոյեմբերի 11-ի նիստում ներկայացրել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նախարարի խոսքով՝ ներդրվող համակարգը կերաշխավորի, որ բոլոր փուլերն անցած ծանուցումը կհամարվի իրավազոր՝ անկախ նրանից՝ հասցեատերն անձամբ ծանոթացել է դրան, թե ոչ։
Ինչպե՞ս է գործելու համակարգը։ Ֆիզիկական անձանց համար կստեղծվի հատուկ էլեկտրոնային հարթակ, որտեղ մուտքը հնարավոր կլինի բացառապես խիստ նույնականացման միջոցով՝ ID քարտով կամ բջջային նույնականացմամբ։ «Ծանուցումը տեղադրվելու է այդ հարթակում, և եթե անձը մուտք գործի հարթակ, ապա համարվելու է ծանուցված», - պարզաբանել է Գալյանը։ Քաղաքացիները կարող են նաև տրամադրել լրացուցիչ կապի միջոցներ (էլեկտրոնային փոստ, հեռախոսահամար)՝ հարթակում ծանուցում ստանալու վերաբերյալ տեղեկացումներ ստանալու համար։
Եթե անձը չի մտնում հարթակ և չի ծանոթանում ծանուցմանը, գործի է դրվում հաջորդ քայլը՝ հիբրիդային փոստը։ Էլեկտրոնային ծանուցումն ավտոմատ կերպով փոխանցվում է փոստային ծառայությանը, որն այն տպում, ծրարում և պատվիրված նամակով ուղարկում է անձի հաշվառման հասցեով։ «Այս տարբերակը թողել ենք, որպեսզի հնարավոր խնդիրներից խուսափենք», - նշել է նախարարը՝ ընդգծելով, որ սա երկրորդ երաշխիքն է։
Եթե այս եղանակով ուղարկելուց հետո 7-րդ օրը պարզվում է, որ անձը չի ստացել նամակը կամ հրաժարվել է ստանալ, ապա ծանուցումը հրապարակվում է azdarar.am կայքում։ Այս հարթակում տեղադրվելուց յոթ օր հետո անձը վերջնականապես համարվում է պատշաճ ծանուցված։
Նոր հնարավորություններ իրավաբանական անձանց համար
Նախագծի մեկ այլ կարևոր նորամուծությունն այն է, որ էլեկտրոնային ծանուցման հարթակներին միանալու հնարավորություն կունենան ոչ միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, այլև իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը։ Սա նշանակում է, որ նրանց կողմից էլեկտրոնային եղանակով ուղարկված ծանուցումները ևս կհամարվեն պատշաճ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, կարևորելով նախագիծը, նշել է, որ թեև ծանուցումներից խուսափողները կշարունակեն դա անել, սակայն այս համակարգը քաղաքացիների ծանուցման գործընթացը կդարձնի անհամեմատ ավելի արդյունավետ՝ արագության, բովանդակության և ծանուցման փաստի պահպանման տեսանկյունից։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել