Հայաստանն ու Իտալիան քննարկել են սոցիալական ոլորտի գործակցությունը
24 ՆՈՅ 2025 15:48

Հայաստանն ու Իտալիան քննարկել են սոցիալական ոլորտի գործակցությունը
24 ՆՈՅ 2025 15:48
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Իտալիա կատարած այցի ընթացքում հանդիպել է Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով նախարար Ալեսսանդրա Լոկատելլիի հետ։
ԱՍՀՆ-ից հայտնում են, որ քննարկվել են երկու երկրների աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթությունները։ Մասնավորապես, ընդգծվել է հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների բարելավման գործընթացում անհրաժեշտ աշխատանքների իրականացման և փորձի փոխանակման կարևորությունը։ Այս համատեքստում կարևորվել է Իտալիայի հետ համագործակցությունը և փորձի փոխանակումը հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքային փոքր խմբային տների կառուցման, զբաղվածության և ներառականության ապահովման ոլորտներում։
Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով նախարար Ալեսսանդրա Լոկատելլին ներկայացրել է իրենց երկրում խոցելի խմբերի համար իրականացվող պետական ծրագրերը՝ նշելով, որ արդյունավետության հիմքում պետության և համայնքների փոխգործակցությունն է։
Զրուցակիցները հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտում իրականացվող ծրագրերի հիմքում շեշտադրել են հավասար հնարավորությունների և պայմանների, մատչելի միջավայրի և տարբեր ոլորտներում նրանց մասնակցության ապահովումը՝ առավել բարեկեցիկ ու ներառական միջավայր ստեղծելու համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև երկու գերատեսչությունների միջև ստորագրված համագործակցության հուշագրից բխող գործողությունների իրականացման ընթացքն ու հետագա անելիքները։ Հուշագիրը ստորագրվել է Երևանում կայացած «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» խորագրով համաժողովի շրջանակում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար