Օսակայում հայկական տաղավարի այցելուների թիվը գերազանցել է մեկ միլիոնը
5 ՍԵՊ 2025 10:29

Օսակայում հայկական տաղավարի այցելուների թիվը գերազանցել է մեկ միլիոնը
5 ՍԵՊ 2025 10:29
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Օսակայում այցելել է Expo 2025 համաշխարհային ցուցահանդեսում բացված հայկական տաղավար: «Այսօրվա և վաղվա սյուները» խորագրով հայկական տաղավարը ներկայացնում է Հայաստանի առաջատար նորարարական ծրագրերը, մշակութային ժառանգությունը, ներդրումային հնարավորությունները, առաջադեմ կրթական նախաձեռնությունները:
Պատասխանատուները նշել են, որ հայկական տաղավար այցելուների թիվը ցուցահանդեսի մեկնարկից ի վեր գերազանցել է մեկ միլիոնը:
Այնուհետև կայացել է Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառման բացման արարողությունը, որի ժամանակ ելույթով հանդես են եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Համաշխարհային ցուցահանդեսի գլխավոր հանձնակատարի տեղակալ Շիգետոշի Իկեյաման:
«Մենք ժամանել ենք Օսակա՝ կիսվելու մեր հարուստ պատմության և մշակույթի վրա հիմնված ներկայիս Հայաստանի ձեռքբերումներով և տնտեսական ու տեխնոլոգիական առաջընթացի ու նորարարական կրթության փիլիսոփայության վրա հիմնված խաղաղ և բարեկեցիկ ապագայի տեսլականով։
«Այսօրվա և վաղվա սյուները» խորագիրը կրող Հայաստանի տաղավարում սյուներից չորսը խորհրդանշում են Հայաստանի «այսօրը»` պատմությունը, մշակույթը, նորարարությունը և տարածաշրջանային հնարավորությունները։ Հայաստանի ապագան խորհրդանշող մյուս չորս սյուները ներկայացնում են տեխնոլոգիական, նորարարական կրթության փիլիսոփայությունը, Հայաստանի տեսլականն ուսուցման և կրթության ապագայի վերաբերյալ, ինչի համատեքստում ներկայացվում են հայկական՝ ապագային միտված կրթական նախաձեռնությունները՝ Թումոն, ՔՈԱՖ-ը, Արմաթը, Հայաստանի կողմից առաջ քաշված նոր նախագծերը՝ «Ակադեմիական քաղաքը», «Ինժեներական քաղաքը»»,- մասնավորապես նշել է ՀՀ վարչապետը:
Նա հավելել է, որ մասնակցությունն Օսակայում ընթացող տնտեսական աշխարհի այս խոշորագույն միջոցառմանը բացառիկ հնարավորություն է ընձեռում ոչ միայն ճապոնացի ժողովրդին, այլև աշխարհին ներկայացնելու Հայաստանի տնտեսական, մշակութային, տեխնոլոգիական, կրթական և զբոսաշրջային գրավչությունը՝ նոր հեռանկարներ ստեղծելով այդ ոլորտներում համագործակցության հետագա զարգացման և խորացման համար:
Հիշեցնենք, որ EXPO 2025 ցուցահանդեսի շրջանակում հայկական տաղավարը գործելու է մինչև հոկտեմբերի 13-ը:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել