Հայաստանը և Շվեդիան կխորացնեն միջխորհրդարանական կապերը
20 ՆՈՅ 2025 11:41

Հայաստանը և Շվեդիան կխորացնեն միջխորհրդարանական կապերը
20 ՆՈՅ 2025 11:41
Հայաստան-Շվեդիա հարաբերությունները հիմնված են փոխվստահության, հարգանքի եւ երկու երկրների միջեւ ձեւավորված ամուր գործընկերային հարաբերությունների վրա. hատկապես 2018 թվականից հետո Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղիով զարգանալու ճանապարհը:
Այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Եվա Սունդքվիսթի հետ հանդիպման ընթացքում: Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին, որին մասնակցել են նաեւ հանձնաժողովի անդամներ Էսթեր Այվազյանն ու Մարինա Ղազարյանը:
Ռուստամ Բաքոյանը շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական ծառայության մեկնարկի կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել՝ ի նպաստ երկու երկրների հարաբերությունների զարգացման: Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի անդամ՝ Ռուստամ Բաքոյանն ընդգծել է Շվեդիայի հետ խորհրդարանական կապերի ամրապնդումը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի եւ շնորհավորանքի համար՝ դեսպանը եւս ընդգծել է Շվեդիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերություների հետագա խորացման կարեւորությունը: Նա նշել է, որ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Շվեդիայի կառավարության համար առաջնահերթություն են:
Քննարկման առանցքում խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերն էին:
Անդրադարձ է կատարվել հանձնաժողովի շրջանակում քննարկված եւ ընդունված, ինչպես նաեւ մշակման փուլում գտնվող եւ շրջանառության մեջ դրված օրենսդրական նախաձեռնություններին, անցկացված աշխատանքային քննարկումներին, խորհրդարանական լսումներին, որոնք վերաբերում են ազգային փոքրամասնություններին, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանությանը, ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելմանը, խտրականության դեմ պայքարին, շրջակա միջավայրի պահպանությանը, հանրային աղմուկի կարգավորմանը: Նշված աշխատանքների իրականացմանը մեծապես աջակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, որի հետ հանձնաժողովն ակտիվ եւ շարունակական աշխատանքներ է տանում:
Դեսպանի խնդրանքով Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԽ-ի հետ իրականացվող աշխատանքները:
Անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Շվեդիա սերտ համագործակցությանն ու միջխորհրդարանական խորացող հարաբերություններին, փոխայցերի ակտիվացմանը վերաբերող հարցերի:
Հանձնաժողովի անդամներ Էսթեր Այվազյանն ու Մարինա Ղազարյանը եւս կարեւորել են միջխորհրդարանական համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար