Հայաստան-Իրան. հրապարակվել է համատեղ հայտարարության տեքստը
19 ՕԳՍ 2025 13:44

Հայաստան-Իրան. հրապարակվել է համատեղ հայտարարության տեքստը
19 ՕԳՍ 2025 13:44
ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի՝ օգոստոսի 19-ին ստորագրած համատեղ հայտարարության մեջ ևս մեկ անգամ ամրագրվում են կողմերի դիրքորոշումները՝ առանցքային հարցերի շուրջ։
Ըստ այդմ, կողմերը, մասնավորապես․
- ընդգծեցին իրենց վճռականությունը՝ խորացնելու երկու երկրների միջև հարաբերությունները և այն բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի:
- ընդգծեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրությանը և միջազգային իրավունքի ճանաչված սկզբունքներին ու նորմերին, այդ թվում՝ պետությունների ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հարգմանը, միջազգային սահմանների անձեռնմխելիությանն ու անխախտելիությանը, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը բացառելուն, միմյանց ներքին գործերին չմիջամտելուն, վերահաստատեցին խաղաղ համակեցության ու բարիդրացիության վրա հիմնված հարաբերությունները։
- Երկու երկրների միջև առևտրի ծավալը 3 միլիարդ դոլարի հասցնելու նպատակով որոշեցին մեծացնել առևտրաշրջանառության ծավալները։
- Հաշվի առնելով երկու երկրների ընդհանուր շահերը Պարսից ծոց-Սև ծով երթուղու ամրապնդման հարցում՝ կողմերը շեշտեցին համապարփակ տրանսպորտային համագործակցության խթանման, տրանսպորտային ենթակառուցվածքների և տարանցիկ ուղիների զարգացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ արագացնելով երկու երկրների սահմանին Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը, նոր սահմանային անցակետերի զարգացումն ու արդիականացումը, ինչպես նաև երկու երկրների միջև կնքված համաձայնագրերի շրջանակում ճանապարհային վճարների նվազեցումը։
- Հաստատեցին Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն էլեկտրաէներգիայի փոխանցման երրորդ գծի նախագծի կարևորությունը՝ ընդգծելով նշված նախագիծը արագ ավարտելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ աջակցություն հայտնելով գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման մասին համաձայնագրի շրջանակում երկու երկրների միջև գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ավելացմանը։
- Վերահաստատեցին Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարևորությունը և ընդգծեցին տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը պետությունների տարածքային ամբողջականության, ազգային ինքնիշխանության և իրավազորության շրջանակում՝ փոխադարձության հիման վրա։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել