Հայաստան-Ղազախստան. նոր լոգիստիկ հորիզոններ և «Խաղաղության խաչմերուկի» դերը
21 ՆՈՅ 2025 07:47

Հայաստան-Ղազախստան. նոր լոգիստիկ հորիզոններ և «Խաղաղության խաչմերուկի» դերը
21 ՆՈՅ 2025 07:47
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ղազախստան կատարած պաշտոնական այցը նշանավորվելու է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության նոր փուլի մեկնարկով։ Այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնցում առանցքային տեղ են զբաղեցնելու լոգիստիկ և առևտրային հարաբերությունների զարգացմանն ուղղված պայմանավորվածությունները։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա ընդգծել է, որ երկու երկրների միջև առկա է տրանզիտային և տնտեսական գործակցության հսկայական, դեռևս չիրացված ներուժ, որը պետք է ակտիվորեն օգտագործվի տնտեսվարողների կողմից։
«Տրանզիտ ներուժը շատ մեծ է և պետք է դա օգտագործվի տնտեսվարողների կողմից։ Փորձելու ենք խթան ապահովել, որ դա տեղի ունենա», - նշել է Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ այլընտրանքային լոգիստիկ ուղիների ստեղծումը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ միջազգային առևտրում հենց լոգիստիկ ծախսերն են մեծ դեր խաղում ապրանքների մրցունակության հարցում։ «Այդ իմաստով Ղազախստանի հետ լոգիստիկ լուծումներ գտնելը շատ մեծ հնարավորություն է տալիս»,- հավելել է նա։
Փոխվարչապետը նաև ընդգծել է, որ նոր լոգիստիկ լուծումներն ուղղակիորեն ազդում են շուկայական գների վրա՝ առնվազն զսպելով դրանց աճը և ստեղծելով ավելի կայուն միջավայր։
Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն են ստանում Հայաստանի կողմից առաջ քաշված TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերը։ Մհեր Գրիգորյանը վերահաստատել է, որ դրանք ունեն տարածաշրջանային լրջագույն նշանակություն և դրանց իրականացումը կտրուկ կփոխի լոգիստիկ պատկերը ողջ տարածաշրջանում։
«Երբ մենք այդ նախագծերն ավարտին հասցնենք, կզգաք, թե տարածաշրջանում ինչ ադապտացիաներ են տեղի ունենում լոգիստիկ իմաստով։ Անհնարին է, որ լոգիստիկ մեծ նշանակություն չունենա Խաղաղության խաչմերուկը ռեգիոնալ իմաստով»,- ասել է նա։
Մհեր Գրիգորյանը վստահեցրել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շահառուներից կլինի նաև Ղազախստանը։ Այս և այլ առևտրատնտեսական հարցերը լինելու են ղազախ գործընկերների հետ բանակցությունների առանցքում՝ նպատակ ունենալով գործնական քայլերով ամրապնդել երկու երկրների միջև տնտեսական կապերը, հավելել է ՀՀ փոխվարչապետը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար