Հայ-ռումինական խորհրդարանական հարաբերությունները կխորանան
24 ՆՈՅ 2025 12:39

Հայ-ռումինական խորհրդարանական հարաբերությունները կխորանան
24 ՆՈՅ 2025 12:39
Հայաստանը բարձր է գնահատում Ռումինիայի հետ հարաբերությունների շարունակական, արգասաբեր զարգացումը: Մենք կարեւորում ենք երկու երկրների միջեւ խորհրդարանական, միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցությունը, բարեկամական խմբերի միջեւ ծավալվող աշխատանքը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի ղեկավար Սարգիս Խանդանյանը Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:
Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին, որին մասնակցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Էդուարդ Աղաջանյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի անդամ Սոնա Ղազարյանը:
Սարգիս Խանդանյանը նշել է, որ պատվիրակությունը Հայաստան է այցելել մեր երկրի համար պատմական կարեւոր ժամանակաշրջանում: Անդրադառնալով Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրմանը՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ խաղաղություն է հաստատվել, որը նոր հեռանկարներ է բացում ամբողջ տարածաշրջանի համար:
Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը եւս կարեւորել է Հայաստան-Ռումինիա հարաբերությունների զարգացման խորացումը: Նրա խոսքով երկու երկրների հարաբերությունները դարերի պատմություն ունեն: Տիտուս Կորլացեանը բարձր է գնահատել հայ համայնքի ներդրումը Ռումինիայի պատմական, տնտեսական, քաղաքական եւ մշակութային զարգացման գործում:
Կողմերն ընդգծել են տարբեր հարթակներում հարաբերությունների զարգացման, խորացման անհրաժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել բոլոր հնարավոր ոլորտներում փոխհամագործակցությանը, վիզաների ազատականացման գործընթացին:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար