Հայ-իրանական հարաբերություններ. ռազմավարական նշանակություն
Գրանցվել
Գրանցվել
Հայ-իրանական հարաբերություններ. ռազմավարական գործընկերություն
21 ՍԵՊ 2025 10:37
Հայ-իրանական հարաբերություններ. ռազմավարական գործընկերություն

Հայ-իրանական հարաբերություններ. ռազմավարական գործընկերություն

21 ՍԵՊ 2025 10:37
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը Հայաստանի անկախության 34-ամյակի կապակցությամբ, հարցազրույց է տվել իրանական հեղինակավոր ԻՌՆԱ գործակալությանը՝ ներկայացնելով երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։ Դեսպանը վստահեցրել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան «մշտապես շարժվել է և զարգացել է բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում, որն այսօր ամուր հիմք է ծառայում մեր երկկողմ գործակցությունը զարգացնելու ուղղությամբ»։
Հարաբերությունների զարգացման որակական նոր փուլի մասին է վկայում երկու երկրների ղեկավարների հստակ պատրաստակամությունը՝ դրանք բարձրացնելու ռազմավարական մակարդակի։ Սա պարզապես քաղաքական հայտարարություն չէ, այլ իրական բովանդակությամբ լցված գործընթաց։ Ինչպես նշել է դեսպանը, համագործակցության ոլորտներն այնքան ընդգրկուն են, որ այլ կերպ հնարավոր չէ բնութագրել։ «Այն ոլորտները, որոնք այսօր առկա են երկկողմ գործակցության շրջանակներում՝ տնտեսական, քաղաքական, մշակութային, ենթակառուցվածքային, էներգետիկ, դրանք իսկապես ունեն ռազմավարական բնույթ և կարևոր են, թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի համար», - ընդգծել է Գրիգոր Հակոբյանը։ Այս մտադրությունների լրջության վկայությունն է վերջերս Իրանի նախագահ Փեզեշքիանի պաշտոնական այցը Հայաստան, որի ընթացքում ստորագրվել է շուրջ մեկ տասնյակ փաստաթուղթ։
Տարածաշրջանային համատեքստում ևս Հայաստանն ու Իրանը հանդես են գալիս միասնական դիրքերից՝ որդեգրելով խաղաղության և կայունության օրակարգ։ Դեսպանը հատուկ կարևորում է Իրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում՝ նշելով. «Երևանը մշտապես բարձր է գնահատել Իրանի այն սկզբունքային դիրքորոշումը, որը կապված է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու հետ»։
Սա առանցքային գործոն է տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության մեջ, որտեղ երկու երկրները հանդես են գալիս որպես կայունության հենասյուներ՝ ձգտելով հարցերի լուծմանը դիվանագիտական ճանապարհով, նշել է դեսպանը՝ հավելելով, որ Երևանն էլ իր հերթին միշտ հաշվի է առնում Իրանի հետաքրքրություններն ու շահերը. «Հայաստանը փոխադարձաբար իր բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը վարելիս՝ մշտապես հաշվի է առել Իրանի կենսական շահերն ու զգայունությունները։ Ես համոզված եմ, որ տարածաշրջանում այս նոր իրողությունների պայմաններում ՀՀ-ն և Իրանը կկարողանան առավել խորացնել երկկողմ գործակցությունը և իրականացնել տարածաշրջանային ծրագրեր, որոնք իրենց հերթին կնպաստեն տարածաշրջանում առավել խաղաղության ամրապնդմանը»։
Տնտեսական ոլորտում նշաձողը բարձր է դրված։ Երկու երկրների ղեկավարները հստակ թիրախ են սահմանել՝ ապրանքաշրջանառության ծավալը հասցնել նախ 1 միլիարդ, ապա՝ 3 միլիարդ դոլարի։ Դեսպանի խոսքով, այս նպատակները լիովին իրատեսական են։ «Այսօր կարող ենք փաստել, որ 1 մլրդի շեմին, գրեթե, հասել ենք և դրա համար նախատեսվում և իրականացվում են գործուն ծրագրեր և քայլեր», - հավելել է նա՝ որպես օրինակ բերելով սահմանային անցակետի արդիականացման, երկրորդ կամրջի կառուցման և էներգետիկ ոլորտի համատեղ նախագծերը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել