«Հաղթանակ» դաշինքի թեկնածուն՝ բացարձակ հաղթանակի և հավանական դաշինքի մասին
16 ՆՈՅ 2025 10:04

«Հաղթանակ» դաշինքի թեկնածուն՝ բացարձակ հաղթանակի և հավանական դաշինքի մասին
16 ՆՈՅ 2025 10:04
Ընտանիքի հետ թիվ 14/10 ընտրական տեղամաս ժամանած թեկնածուն քվեարկությունից հետո Վաղարշապատի համայնքապետի՝«Հաղթանակ» դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց իրենց թիմի ակնկալիքները, գնահատականներն ու հետընտրական ծրագրերը՝ վստահություն հայտնելով իրենց հաջողության հարցում։
«Գուշակություններ պետք չի անել, բայց մենք գնում ենք բացարձակ հաղթանակի», - հայտարարեց նա՝ ընդգծելով, որ իրենց քաղաքական ուժը չի երկնչում հնարավոր հետևանքներից։ Ի պատասխան հարցին, թե արդյո՞ք չի վախենում հաղթանակի դեպքում քրեական գործերի հարուցումից, Խաչատրյանը վստահեցրեց, որ նման մտավախություն չունի։
Անդրադառնալով հետընտրական հնարավոր համագործակցություններին՝ «Հաղթանակ» դաշինքի առաջնորդը նշեց, որ կոալիցիաների ստեղծման հարց նախապես չի քննարկվել որևէ քաղաքական ուժի հետ։ Սակայն նա հստակ սահմանեց, թե որ դեպքում և ում հետ են պատրաստ համագործակցել, եթե իրենց չհաջողվի բացարձակ հաղթանակ տանել։ «Եթե բացարձակ հաղթանակ չլինի, մենք համագործակցության եզրեր կգտնենք այն ուժերի հետ, որոնք հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից», - պարզաբանեց նա։
Ավելին, Խաչատրյանը հնչեցրեց ընդդիմադիր դաշտի համախմբմանն ուղղված առաջարկ՝ հայտարարելով, որ իրենց համար սկզբունքայինը ոչ թե պաշտոնն է, այլ համախոհ ուժերի հաղթանակը։ «Մենք հայտարարել ենք, որ այն ընդդիմադիր ուժը, որը «Հաղթանակ» դաշինքից մեկ ձայն ավել կհավաքի, մենք պատրաստ ենք ամբողջությամբ աջակցել նրան», - շեշտեց բանախոսը։
Խոսելով ընտրական գործընթացի ընթացքի մասին՝ թեկնածուն նշեց, որ թեև անձամբ տեղեկություններ չունի կոնկրետ խախտումների մասին, սակայն համացանցում առկա են բազմաթիվ հրապարակումներ բաց քվեարկությունների, ընտրողներին ուղղորդելու և տեղամասերում կուտակումներ ստեղծելու դեպքերի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, նա արձանագրեց, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների համեմատ Վաղարշապատում այս անգամ նկատվում է ընտրողների զգալի ակտիվություն։
Հիշեցնենք, որ Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնի և ավագանու մանդատների համար պայքարում է 8 քաղաքական ուժ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել