Բրոնզե դարի «մեգապոլիս» Ղազախստանում. նոր հայտնագործություն
Գրանցվել
Գրանցվել
Ղազախստանում բրոնզե դարի մեգապոլիս է հայտնաբերվել
19 ՆՈՅ 2025 10:00
Ղազախստանում բրոնզե դարի մեգապոլիս է հայտնաբերվել

Ղազախստանում բրոնզե դարի մեգապոլիս է հայտնաբերվել

19 ՆՈՅ 2025 10:00
Ղազախստանի տափաստաններում հնագետների միջազգային խումբը հայտնաբերել է բրոնզե դարի մի ընդարձակ բնակավայր, որը, հնարավոր է, եղել է վարչական և առևտրային կենտրոն մ.թ.ա. մոտ 1600-ականներին։ Antiquity գիտական ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ այս գյուտը կարող է արմատապես փոխել Եվրասիայի նախապատմական քաղաքային կյանքի մասին մեր պատկերացումները։
Բնակավայրը, որը կոչվում է Սեմիյարկա («Յոթ ձորերի քաղաք»), զբաղեցնում է 140 հեկտար տարածք և իրենից ներկայացնում է տներով, կենտրոնական մոնումենտալ կառույցով (որը, հավանաբար, ծառայել է ծիսակատարությունների կամ կառավարման համար) և անագե բրոնզի արտադրության արհեստանոցներով համալիր։
«Սա շատ հուզիչ է, քանի որ այս տարածաշրջանում անագե բրոնզի արտադրության հայտնաբերումը չափազանց հազվադեպ է», - ասում է հետազոտության առաջատար հեղինակ, Լոնդոնի համալսարանական քոլեջի դոցենտ Միլյանա Ռադիվոևիչը։ Նրա խոսքով՝ սա Եվրասիական տափաստանում հայտնաբերված երկրորդ նմանատիպ արտադրությունն է։ Անագե բրոնզը թույլ էր տալիս ստանալ ավելի ամուր գործիքներ և այլ նյութեր, ինչը կարևորագույն տեխնոլոգիական թռիչք էր այդ դարաշրջանի համար։
Հայտնագործությունը մարտահրավեր է նետում այն տեսությանը, թե տափաստանը բնակեցված է եղել բացառապես քոչվոր անասնապահական ցեղերով։ «Մենք այստեղ ունենք մի բան, որը միանգամայն տարբերվում է։ Սա նման չէ վրանների կամ յուրդերի ժամանակավոր կացարաններին», - նշում է համահեղինակ, Դարհեմի համալսարանի պրոֆեսոր Դեն Լոուրենսը։ Նրա կարծիքով՝ Սեմիյարկայի չափերն ու ռազմավարական դիրքը վկայում են, որ այն կարող էր լինել բարդ կառուցվածք ունեցող քաղաք՝ նման այն ժամանակվա աշխարհի մյուս քաղաքային կենտրոններին։
Սակայն ոչ բոլոր մասնագետներն են համաձայն «մեգապոլիս» գնահատականի հետ։ Վայոմինգի համալսարանի հնագետ Ջեյմս Ջոնսոնը, որը ներգրավված չի եղել ուսումնասիրության մեջ, նշում է, որ մակերեսին հայտնաբերված խեցեղենի ցածր խտությունը կարող է վկայել ոչ թե քաղաքային, այլ ավելի սահմանափակ բնակչության մասին։
Ի պատասխան՝ Լոուրենսը պնդում է, որ հողը տարածքում խիստ խտացած է և դարեր շարունակ չի շոշափվել, ուստի բազմաթիվ գտածոներ դեռ կարող են գտնվել գետնի տակ։ Նա կարծում է, որ Սեմիյարկան կարելի է «քաղաք» համարել այն առումով, որ այն կատարել է քաղաքային գործառույթներ՝ ծանր արդյունաբերություն, քաղաքական իշխանության կենտրոն, ինչը տարբերել է այն շրջակա գյուղական բնակավայրերից։
Հնագետներն արդեն սկսել են պեղումները՝ հուսալով գտնել այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են՝ քանի՞ մարդ է ապրել այստեղ, որքա՞ն է գոյատևել բնակավայրը և ի՞նչ կապեր է ունեցել այլ տարածաշրջանների հետ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել