Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտում է իշխանության ճնշումները
7 ՆՈՅ 2025 16:31

Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտում է իշխանության ճնշումները
7 ՆՈՅ 2025 16:31
Նոյեմբերի 4-7-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Այդ մասին հայտնում են Մայր Աթոռից։ Նիստերը վարել է Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտել է Եկեղեցու և եկեղեցականների իրավունքների նկատմամբ իրականացվող բացահայտ ապօրինի ոտնձգություններն ու ճնշումները, ինչպես նաև հակաեկեղեցական հռետորաբանությամբ ատելության խոսքի ու անհանդուրժողականության տարածումը՝ ընդգծելով, որ նման երևույթները խաթարում են ինչպես խղճի ու խոսքի ազատության սկզբունքը, այնպես էլ հանրային համերաշխությունը։ Արձանագրվել է նաև, որ եկեղեցականներին առաջադրված մեղադրանքները և խափանման միջոցները հիմնված են ոչ իրավաչափ փաստերի վրա և հակասում են արդար դատաքննության իրավունքի ու անձի ազատության սահմանափակման միջազգային չափանիշներին:
Խորհուրդը վերահաստատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը՝ աջակցել արդարադատության հաստատմանը և պաշտպանել Եկեղեցու սպասավորների ու հավատացյալ ժողովրդի իրավունքները՝ վերստին կոչ անելով իրավապահ մարմիններին հանուն արդարության դադարեցնել ապօրինի քրեական վարույթները և ազատ արձակել ազատազրկված հոգևորականներին ու քաղաքացիական անձանց։ Անհրաժեշտ է նկատվել նաև Հովհաննավանքի նկատմամբ Մայր Աթոռի իրավունքների և ծիսաարարողական կյանքի վերականգնմանը, հավատացյալների հոգևոր-կանոնական կյանքի պաշտպանությանն ու եկեղեցականների բնականոն ծառայության ապահովմանն ուղղված քայլերը։
Բաքվում պահվող զինվորական և քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացվող դատական գործընթացների, արցախահայերի իրավունքների պաշտպանության մասին զեկուցել է իրավաբան Արա Ղազարյանը։ Ներկայացվեցին Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման աղաղակող դեպքերը, ընդգծվել է, որ իրականացվող, այսպես կոչված, դատավարությունները որևէ կապ չունեն արդարադատության հետ և հակասում են միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար դրույթներին։
Բանախոսը կարևորել է ինչպես Եկեղեցու և միջազգային կազմակերպությունների ներգրավվածությունը, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՄԱԿ-ի իրավապաշտպան մարմինների միջոցով գերիների ազատ արձակմանն ուղղված իրավական քայլերի իրականացումը։
Գերագույն հոգևոր խորհուրդն ընդգծել է գերիների հարցի նկատմամբ շարունակական ուշադրության և համակարգված քայլերի անհրաժեշտությունը։ Վերահաստատվել է Եկեղեցու պատրաստակամությունը՝ շարունակելու ջանքերը Քույր Եկեղեցիների ու միջազգային կրոնական կառույցների հետ համագործակցությամբ նպաստելու գերիների վերադարձին և մարդու իրավունքների պաշտպանության օրինական մեխանիզմների կիրառմանը։
Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների մասին զեկուցել է ԳՀԽ անդամ, ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը՝ ներկայացնելով փաստեր, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից իրականացվող համակարգված քաղաքականության մասին՝ միտված հայկական պատմամշակութային արժեքների ոչնչացմանը և յուրացմանը։ Նշվել է, որ ադրբեջանական իշխանության կողմից հովանավորվող պատմական զեղծարարության նպատակն է ջնջել տարածաշրջանի հայկական ինքնության հետքերը և փորձել օրինականացնել իրենց հավակնությունները հայկական ժառանգության նկատմամբ։
ԳՀԽ-ը կարևորել է միջազգային ամենալայն շրջանակների աջակցության ապահովումը և մասնավորաբար Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ Եկեղեցու կողմից իրականացվող աշխատանքների առավել ընդլայնումը։
Պ․գ․թ․, դոց. Միքայել Մալխասյանն իր զեկույցում անդրադարձել է հանրակրթական ծրագրերում և Հայոց պատմության դասագրքերում տեղ գտած մտահոգիչ դրույթներին։ Բանախոսը ներկայացրեց օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են աղճատվում Հայոց պատմության տարբեր փաստերը և խեղաթյուրվում իրադարձությունները՝ նսեմացնելով պատմական դեմքերի ու դեպքերի, եկեղեցական և պետական գործիչների պատմական դերը։
Գերագույն հոգևոր խորհուրդը խիստ մտահոգությամբ նկատել է, որ նման մոտեցումները վտանգում են սերունդների ազգային ինքնության և պատմական հիշողության շարունակականությունը՝ կարևորելով ազգային խորհրդանիշների արժևորման և դրանց հանդեպ հարգանքի ու պատշաճ վերաբերմունքի ձևավորման անհրաժեշտությունը, նաև ընդգծելով Եկեղեցու առաքելությունը ժողովրդի ազգային ինքնության, պատմական հիշողության և հոգևոր արժեքների պահպանման գործում։
ԳՀԽ քննարկել է և որոշեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի վախճանման 1700-ամյակին նվիրված հոգևոր, մշակութային միջոցառումների կազմակերպման և Կոմիտաս վարդապետի սրբադասման հարցի քննության նպատակով ձևավորել հանձնախմբեր։
Ժողովն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության և գնահատանքի խոսքով։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել